Բաժիններ՝

Ծխախոտային տուփի վրա զգուշացնող պատկերներ չզետեղող ընկերությունների նկատմամբ տուգանքը կխստացվի

Ազգային ժողովում քննարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որի նպատակն է խստացնել ծխախոտային արտադրանքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերի խախտման համար սահմանված պատիժը։

Նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:Նախարարը հիշեցրեց, որ 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել ԵԱՏՄ տեխնիկական նոր կանոնակարգը, ըստ որի՝ ծխախոտային արտադրանքի տուփերի վրա պարտադիր պետք է տեղադրված լինեն առողջության համար վնասակար լինելու վերաբերյալ գրաֆիկական պատկերներ։

Այդ պահանջն ուղղված է ծխելու կանխարգելմանը, հատկապես՝ դեռ չծխող կամ նոր սկսող անձանց շրջանում, ինչպես նաև առողջապահական և սոցիալական քաղաքականության արդյունավետ իրականացմանը։ 

«Մեր շուկայում կան կազմակերպություններ, որոնք բարեխղճորեն կատարել են այս պահանջը, և մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն գործում են կանոնակարգի համաձայն։ Սակայն եղել են ընկերություններ, որոնք, շահարկելով տարբեր պատճառներ, չեն կիրառում օրենքով սահմանված գրաֆիկական նախազգուշացումները»,-ընդգծեց Պապոյանը՝ հավելելով, որ որոշ ընկերություններ անգամ հայտարարել են, որ իրենց համար ձեռնտու է խախտել օրենքը և պարզապես վճարել 400 հազար դրամ տուգանք։ 

Ըստ նախարարի՝ այդպիսի վարքագիծը խիստ վնասակար է հանրային առողջության տեսանկյունից, խաթարում է արդար մրցակցությունը և սպառողների իրավունքների նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք է։ Խնդրի կարգավորման նպատակով Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոխել գործող տուգանքի չափը։ Նախագծով առաջարկվում է 400 հազար դրամ ֆիքսված տուգանքի փոխարեն սահմանել փոխակերպվող տուգանք՝ իրավախախտմանը նախորդած տարվա հասույթի 1 տոկոսի չափով։ 

«Այս մոտեցմամբ կապահովենք մրցակցության արդար դաշտ, կստիպենք բոլոր տնտեսվարողներին հավասար պայմաններով գործել և միաժամանակ կվերականգնենք հանրության հանդեպ հարգալից վերաբերմունքը»,-հայտարարեց նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս