
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ ԱԳ նախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յոհան Վադեֆուլին Գերմանիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով։ Այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Հարգելի Յոհան Վադեֆուլ, շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով՝ ջերմությամբ հիշելով մեր քննարկումը 2023 թվականի փետրվարին։ Հայաստանի ամուր գործընկերությունը Գերմանիայի հետ՝ հիմնված ընդհանուր արժեքների և հետաքրքրությունների վրա, խոստումնալից ապագա ունի։ Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում»,- գրել է Արարատ Միրզոյանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն էր հայտնել և հաջողություն մաղթել Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Անալենա Բերբոքին։
«Հարգելի Անալենա Բերբոք, շնորհակալ եմ Հայաստանի և Գերմանիայի հարաբերություններն ամրապնդելուն, Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ դարձնելուն Ձեր նվիրվածության, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուն ուղղված Ձեր ջանքերի համար։ Հաճելի էր ձեզ հետ աշխատելը։ Հաջողություն եմ մաղթում Ձեր նոր նախաձեռնություններում»,- գրել էր Միրզոյանը։