
Մարմարիկում 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են. ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները

Մայիսի 7-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ՆԳ նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«ՆԳՆ փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են ավելի քանի 170 փրկարարներ՝ այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 150 ծառայող, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ»,- նշեց Նարեկ Սարգսյանը:
Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։
Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։