Բաժիններ՝

Պակիստանում Հնդկաստանի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի

Պակիստանում Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, ևս 46-ը վիրավորվել է, մինչդեռ ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի, 12 վիրավորի մասին։։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Պակիստանի զինված ուժերի ներկայացուցչին։

Վերջինս ընդգծել է, որ Պակիստանի իշխանությունները կպատասխանեն Հնդկաստանին «իրենց ընտրած ժամանակին, վայրում և միջոցներով»։

Մայիսի 7-ի գիշերը հնդկական բանակը հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Պակիստանի սահմանային գոտում՝ ի պատասխան ապրիլի 22-ին Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչության, որին զոհ էր գնացել 26 մարդ։ Պակիստանը 48 ժամով փակել է իր օդային տարածքը և կործանիչներն օդ է հանել։ Պակիստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հինգ ինքնաթիռ է խոցվել։

Հնդկաստանի բանակը հայտարարել է «Սինդուր» գործողության մեկնարկի մասին, որի թիրախում «Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներն են»։ Հնդկաստանի ՊՆ-ում հայտարարել են, որ Պակիստանից «ծրագրվել և Հնդկաստան են ուղղորդվել ահաբեկչական հարվածներ»։

«Արդարությունը վերականգնվեց, կեցցե Հնդկաստանը»․ նման գրառում է արվել Հնդկաստանի բանակի X-ի էջում։

Հնդկաստանի ՊՆ-ն հաղորդել է, որ ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել Պակիստանի 9 օբյեկտի։ Նյու Դելիում հատուկ ընդգծել են, որ թիրախում պակիստանյան բանակի օբյեկտները չեն եղել։

«Պակիստանյան զինվորականները հարձակման չեն ենթարկվել։ Հնդկաստանը նկատելի զսպվածություն է ցուցաբերել նպատակների ու մեթոդների ընտրության հարցում»,- հայտարարել է Հնդկաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել Հնդկաստանի թիրախներին, հաղորդել են SAMAA TV-ի աղբյուրները։ Պակիստանի ՊՆ-ից հաղորդել են՝ իրենց երկրի տարածքին Հնդկաստանից հասցված հարվածներն անպատասխան չեն մնալու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս