
Թրամփը դադարեցրել է ԱՄՆ-ի երկու խոշորագույն հանրային հեռարձակողների ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել NPR հանրային ոչ առևտրային ռադիոցանցի և PBS հեռարձակող ծառայության դաշնային ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին նշված է Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրում, որը հրապարակել է Սպիտակ տունը։
«Կարևոր չէ, թե NPR-ը և PBS-ը ինչ տեսակետներ են պաշտպանում։ Կարևորն այն է, որ կառույցներից ոչ մեկը հարկատուներին չի տրամադրում ընթացիկ իրադարձությունների արդար, հավաստի և անկողմնապահ լուսաբանում։ Այդ կապակցությամբ ես հանձնարարում եմ Հանրային հեռարձակման կորպորացիայի (CPB) տնօրենների խորհրդին և բոլոր գործադիր վարչություններին ու գործակալություններին դադարեցնել NPR-ի և PBS-ի դաշնային ֆինանսավորումը», – ասվում է Դոնալդ Թրամփի կատարողական հրամանագրում։
CPB-ն, 1967 թ. ընդունված օրենքի համաձայն, մասնավոր կազմակերպություն է, որը նախատեսված է հանրային հեռարձակումը արտաքին միջամտությունից և վերահսկողությունից պաշտպանելու համար։ Կորպորացիայի միջոցով իրականացվում էր NPR-ի և PBS-ի դաշնային ֆինանսավորումը։ Ամեն տարի CPB-ն հարկատուների միջոցներից 535 միլիոն դոլար է տրամադրել ամբողջ երկրի պետական ռադիոկայաններին և հեռուստաընկերություններին։ Դա վերաբերել է PBS և NPR կայաններին, ինչպես նաև մի քանի այլ պետական ԶԼՄ-ների։
Ազգային հանրային ռադիոն (National Public Radio, NPR) և դրան կից ռադիոկայանները, ինչպես նաև Հանրային հեռարձակող ծառայությունը (Public Broadcasting Service, PBS) և դրան կից հեռուստակայանները կազմում են Միացյալ Նահանգների հանրային հեռարձակման հիմքը։