Բաժիններ՝

Գազա մեկնող մարդասիրական նավն ԱԹՍ-ի հարձակման պատճառով խորտակվում է Մալթայի ափերի մոտ

Գազայի հատված նավարկող մարդասիրական օգնությամբ նավը, որը պատկանում է «Ազատության նավատորմի կոալիցիա» (FFC) կազմակերպության ակտիվիստներին, Մալթայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել, որից հետո նավում հրդեհ է բռնկվել։ Այս մասին CNN-ին հայտնել է կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Յասեմին Աքարը։

Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 2-ին, տեղական ժամանակով կեսգիշերից հետո։

«Նավի վրա անցք կա, և այն խորտակվում է», ասել է Աքարը։ Մալթայի կառավարությունը հայտնել է, որ նավում գտնվում էր 16 մարդ՝ անձնակազմի 12 անդամ և 4 ուղևոր։ Ավելի վաղ FFC-ն CNN-ին հայտնել էր, որ խորտակվող նավի վրա գտնվում է 30 մարդ։

Մալթայի զինված ուժերը հաստատել են, որ նավի վրա հրդեհ է բռնկվել, որը հետո մարվել է։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ավելի ուշ Մալթայի կառավարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քարշակող նավ է ուղարկվել՝ FFC-ի նավին աջակցելու համար։ 

«Conscience» նավն ուղևորվում էր Մալթա, որտեղ նրա տախտակամած պետք է բարձրանային 21 երկրից բազմաթիվ ակտիվիտներ, որից հետո նավը պետք է մեկներ Գազայի հատված։ Մալթայում նավ բարձրանալ պատրաստվող ակտիվիստներից մեկը բնապահպան Գրետա Թունբերգն էր։ 

Ավելի վաղ Al Jazeera-ն հաղորդել էր, որ FFC-ի նավն իսրայելական անօդաչու թռչող սարքի կողմից հարձակման է ենթարկվել Գազայի հատվածի շրջափակումը ճեղքելու փորձ անելիս։Իսրայելը մարտի 2-ից լիովին շրջափակել է Գազան և թույլ չի տալիս, որ այնտեղ հումանիտար օգնություն մուտք գործի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս