
Ավետիս Առաքելյանն ու Գագիկ Մանուկյանն ընտրվեցին Գյումրիի փոխքաղաքապետ

Գյումրիի ավագանին մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ձայների մեծամասնությամբ ընտրեց երկու փոխքաղաքապետերի։
Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով 17 կողմ, 13 ձեռնպահ ձայներով քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Ավետիս Գուրգենի Առաքելյանը, որը Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է։ Գագիկ Գևորգի Մանուկյանն էլ ձայների նույն հաշվարկով դարձավ երկրորդ տեղակալ։
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ նորընտիր փոխքաղաքապետերից մեկը իր դստեր ամուսինն է, շեշտեց, որ նրա նկատմամբ ավելի պահանջկոտ է լինելու.«Կապ չունի, որ իմ փեսան է, ես ավելի պահանջկոտ եմ լինելու։ Իմ հետ աշխատելը հեշտ չի լինի», ասել է Վարդան Ղուկասյանը։
Գագիկ Մանուկյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար։ Նա հատկապես շնորհակալություն հայտնեց ձեռնպահ քվեարկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներին՝ նշելով, որ դա ավելի պարտավորեցնող է դարձնում իր աշխատանքը տվյալ պաշտոնում։ Նիստին ներկա էին ավագանու մանդատ ստացած բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։
Ավագանին, փոխքաղաքապետերից բացի, ընտրեց նաև գործող մշտական հանձնաժողովների՝ քաղաքաշինական և հողօգտագործման, ֆինանսավարկային և տնտեսական, իրավական, մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի հանձնաժողովների նախագահներին և քարտուղարներին։ Թեև ավագանու որոշմամբ Գյումրիի ավագանու հաջորդ հերթական նիստը կկայանա հունիսի 20-ին, սակայն, ելնելով կուտակված հարցերից, տեղի կունենա նաև ավագանու արտահերթ նիստ։