Բաժիններ՝

Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկած 22 կոնկրետ պայմաններին՝ ՌԴ-ի հետ խաղաղ համաձայնության հասնելու համար. Քիթ Քելլոգ

Լոնդոնում կայացած բանակցությունների ընթացքում Վաշինգտոնն ու Կիևը հասել են համաձայնության ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման շուրջ 22 կոնկրետ պայմանների վերաբերյալ։

Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։

«Ուկրաինացիների հետ անկեղծ և բարդ քննարկումների ընթացքում մենք ներկայացրել ենք 22 բացառիկ կոնկրետ պայման, և կարծում ենք, որ այժմ շատ շահեկան դիրքում ենք գտնվում»,-ասել է Քելլոգն՝ ընդգծելով, որ չնայած բոլոր պայմանները ցանկալի չեն եղել ուկրաինական կողմի համար, դա «բնական է ցանկացած բանակցության ընթացքում»։

Քելլոգի խոսքով՝ Ուկրաինան համաձայնել է որոշ տարածքների դե ֆակտո զիջման, այսինքն՝ պահպանելով փաստացի իրավիճակը ռազմաճակատում, սակայն առանց այդ տարածքների դե յուրե ճանաչման։

«Ուկրաինացիները պատրաստակամություն են հայտնել չպահանջել այն տարածքները, որոնք փաստացի գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ։ Նրանք ինձ այդ մասին ասել են անցած շաբաթ։ Նրանք հասկանում են, որ հրադադարի հաստատման դեպքում կողմերն իրենց զբաղեցրած դիրքերում կմնան»,-ասել է բանագնացը։

Քելլոգը հավելել է, որ Կիևը ձգտում է համապարփակ և կայուն հրադադարի, որը կբերի խաղաղ համաձայնագրի ստորագրմանը։ Նման նպատակ ունի նաև ԱՄՆ նախագահը։

«Մենք արդեն ունենք մեկ կողմի համաձայնությունը։ Այժմ անհրաժեշտ է նաև երկրորդ կողմը։ Եվ ես կարծում եմ՝ մենք մոտ ենք դրան։ Հիմա ամեն ինչ կախված է ռուսներից, Պուտինից»,-հայտարարել է Քելլոգը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս