Թբիլիսիի շուկայում բռնկված խոշոր հրդեհը չեզոքացվել է

Թբիլիսիի «Վոկզալնայա պլոշչադ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող շուկայում ապրիլի 30-ի վաղ առավոտյան բռնկված խոշոր հրդեհը չեզոքացվել է։

Ինչպես տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այս մասին հայտնել է Հրշեջ-փրկարարական ծառայության գլխավոր վարչության պետ Լևան Մուսելիանին։

Մոտավորապես ժամը 6-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է մոտ 30 հրշեջ-փրկարարական մեքենա և անձնակազմ։

Ականատեսների վկայությամբ՝ հրդեհը բռնկվել է երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում։

«Հրշեջների ժամանակին արձագանքման շնորհիվ՝ հնարավոր եղավ տեղայնացնել և չեզոքացնել հրդեհը։ Ներկայումս հրդեհը մարվել է, և մշակվում են ծխացող տարածքները», – ասել է Մուսելիանին։

Նրա խոսքով՝ հրդեհը տարածվել է մոտ 15 հազար քառակուսի մետր տարածքում։

Ներկայում աշխատանքներ են տարվում մնացած ծխացող հրդեհները մարելու համար։ Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Տեսանյութեր

Լրահոս