
Վան Ին և Լավրովը քննարկել են Իրանի և Կորեական թերակղզու միջուկային խնդիրները

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և նրա ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովը Ռիո դե Ժանեյրոյում կայացած հանդիպմանը քննարկել են Կորեական թերակղզու և Իրանի միջուկային խնդիրները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Կողմերը կարծիքներ են փոխանակել Իրանի և Կորեական թերակղզու միջուկային խնդիրների շուրջ», – հայտնել են Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Հաղորդվում է, որ Վան Ին և Լավրովը նաև «ռազմավարական շփում են ունեցել այնպիսի բազմակողմ ձևաչափերով համագործակցության ամրապնդման հարցերի շուրջ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը և Մեծ քսանյակը»:
Ռիո դե Ժանեյրոյում ապրիլի 28-ին կայացել է ԲՐԻԿՍ-ի երկրների արտաքին գործերի նախարարների նիստը։