Սուբյեկտիվ են, վերագրելի չեն եկեղեցուն. Մայր աթոռն արձագանքել է արքեպիսկոպոս Միրզախանյանին

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած արտահայտություններին։

«Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ վարչապետի այցի առիթով Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ողջույնի խոսքում տեղ գտած արտահայտություններն առաջ են բերել տարընկալումներ մեր հասարակության տարբեր հատվածների մոտ, ցավոք, նաև պատճառ դարձել քաղաքական շահարկումների, հոգևորականի և Եկեղեցու հասցեին վիրավորական որակումների։

Թեմակալ առաջնորդի կողմից արտահայտված որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական և վերագրելի չեն Եկեղեցուն։

Որևէ հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ Եկեղեցու պաշտոնական դիրքորոշում առկա չէ, եկեղեցականները որոշապես պետք է շրջահայացություն և զգուշավորություն դրսևորեն թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Միրզախանյանն ասել էր, որ աղոթում են Նիկոլ Փաշինյանի` հարևանների հետ խաղաղության և հաշտության ծրագրերի հաջողության համար։ Նա հավելել էր, որ իրենք աղոթք են անում, որպեսզի Հայաստանն իր քայլերն անի դեպի ԵՄ, քանի որ, նրա մեկնաբանմամբ, քրիստոնեությունը եկել է հենց Արևմուտքից։

Տեսանյութեր

Լրահոս