Իմ հայ բարեկամներ, հիշեք անցյալը և նայեք դեպի պայծառ ապագա. շվեդ պատգամավորի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ տեսաուղերձ է հղել՝ հայ ժողովրդին կոչ անելով հիշել անցյալն ու նայել դեպի պայծառ ապագա։

Շվեդ պատգամավորն իր տեսաուղերձում, մասնավորապես, նշել է․

«Բարև Հայաստան, ողջույններ Շվեդիայից։ Ես Շվեդիայի խորհրդարանի անդամ Էրիկ Հելսբորնն եմ։ Այսօր Հայոց ցեղասպանության հիշատակի 110-րդ տարելիցի օրն է։ Շվեդիայի խորհրդարանը քվեարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին դեռևս 2010 թվականին, և Ստոկհոլմում Հայաստանի դեսպանատան հետ միասին այժմ ամեն տարի անցկացնում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն։ Այս տարի արարողությանը կայցելի «Հայաստանի երազանքը, հայերը և շվեդները հազար տարիների ընթացքում» գրքի հեղինակ տիկին Անն Գրյոնհամարը: Ես դեռ չեմ կարդացել այդ գիրքը, բայց անհամբեր սպասում եմ, որ կարդամ այն:

Այս շաբաթ Ստոկհոլմում անցկացվում է հայ-շվեդական բիզնես սեմինար, որտեղ մենք կքննարկենք շվեդական ներդրումները Հայաստանում և առևտուրը մեր երկու երկրների միջև: Վստահ եմ, որ դա ձեռնտու կլինի երկու երկրներին և մեզ կդարձնի ավելի հարուստ և ուժեղ։ Նաև հուսով եմ, որ դա կօգնի նաև ավելի ամուր կապեր կառուցել Հայաստանի և Շվեդիայի, ինչպես նաև մնացած Եվրոպայի միջև:

Իմ հայ բարեկամներ, քրիստոնյա եղբայրներ և քույրեր, մաղթում եմ բոլորիդ արժանապատիվ հիշատակի օր ձեր ընտանիքների և սիրելիների հետ միասին: Հիշե՛ք անցյալը և նայեք դեպի պայծառ ապագա: Աստված օրհնի»,-իր տեսաուղերձում նշել է Էրիկ Հելսբորնը։

Տեսանյութեր

Լրահոս