
Ֆրանսիայի դեսպանը այցելել է Վայոց ձորի մարզ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վայոց ձորի մարզ՝ ծանոթանալու սահմանամերձ բնակավայրերում ստեղծված իրավիճակին և տեղում գնահատելու Ֆրանսիայի մարդասիրական աջակցության գործընթացները։ Դեսպանը այցի վերաբերյալ գրառում է արել X-ի միկրոբլոգում՝ նշելով, որ եղել է ՀՀ տարածքի հենակետային և ռազմավարական նշանակություն ունեցող հատվածում։ Այցի առանցքում եղել են մի քանի ուղղություններ՝ իրավիճակը սահմանամերձ բնակավայրերում, Ֆրանսիայի աջակցությունը խոցելի բնակչությանը, մշակութային ժառանգության պահպանումը։
Դեսպան Դըկոտինյին այցելել է Վայոց ձորի Խաչիկ գյուղ, որը գտնվում է Ադրբեջանի Նախիջևանի հետ սահմանի մոտ։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի աջակցությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն գյուղի հողագործներին տրամադրում է ցորենի սերմացու՝ օգնելու գյուղատնտեսական գործունեության շարունակականությանը։
Դեսպանը նշել է, որ տրամադրվել է 20 տոննա սերմացու, որը նախատեսված է շուրջ 100 ընտանիքի համար։