
Շատ եմ հպարտանում, երբ տեսնում եմ, որ մեր սաները մեծացել և լավ մարդ են դարձել. «Օրրան»-ը տոնում է հիմնադրման 25-ամյակը

Քսանհինգ տարի շարունակ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն իր ջերմ հարկի տակ է համախմբում սոցիալապես անապահով երեխաների, միայնակ ծերերի և նրանց համար կրթվելու, ստեղծագործական միտքը զարգացնելու, սեփական հնարավորությունները նորովի բացահայտելու պայմաններ ստեղծում։
«Օրրան»-ը իր սաներին տրամադրում է հոգեբանական, բժշկական, սոցիալական ծառայություններ և նոր կյանքի սկիզբ դառնում շատերի համար։ Հոբելյանական երեկոյին ընդառաջ, որը տեղի կունենա ապրիլի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, «Արմենպրես»-ի թղթակիցն այցելել է «Օրրան» և կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի հետ զրուցել ենք անցած ճանապարհի, կատարված աշխատանքի և անելիքների մասին։ Հովհաննիսյանը խոստովանում է՝ տարիների ամենամեծ ձեռքբերումն այն է, որ երեխաները մեծանում և լավ ծնողներ, արժանապատիվ քաղաքացիներ են դառնում։
-Տիկին Հովհաննիսյան, շուրջ 25 տարի «Օրրան»-ն ակտիվ գործունեություն է ծավալում և աջակցում ինչպես խնամքի կարիք ունեցող երեխաներին, այնպես էլ՝ մեծահասակներին։ Այս տարիներին ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով, միջոցներով եք կարողացել իրականացնել ձեր առաքելությունը։
-Մեր առաքելությունն է օգնել կարիքավոր ընտանիքների երեխաներին։ Ամենաառաջնահերթը սննդի, տաք ապաստարանի հարցը լուծելն է, որպեսզի երեխաները չմրսեն, դասերից հետո չթափառեն փողոցներում, այլ կարողանան գալ մեր տաքուկ անկյուն, դասապատրաստում անել, հոգատարություն զգալ, ստանալ առողջ սնունդ, տաք հագուստ ու կոշիկ, զբաղմունք, որն իրենց լավ մարդ ու լավ քաղաքացի կդարձնի, մարդ, որը սիրում է մշակույթը։
Մշակույթի վրա մեծ շեշտ ենք դնում. ունենք երգչախումբ, թատերախումբ, տարբեր վարպետության դասեր՝ փայտագործություն, կար, կերամիկա, որպեսզի երեխաները և՛ զբաղված լինեն, և՛ հաճելի ժամանակ անցկացնեն, ինչպես նաև հետագայում կարողանան ավելի լուրջ զբաղվել արվեստի այս կամ այն ուղղությամբ, նաև աշխատանք գտնեն։
-Երեխանե՞րն են ձեզ գտնում, թե՞ դուք նրանց։
-Երբ հիմնադրեցինք «Օրրան»-ը, շրջում էինք փողոցներով, փողոցում հայտնված երեխաներին հրավիրում էինք մեզ մոտ, բայց այս տարիներին շատ բան փոխվեց։ Այժմ մեր սաներն են պատմում մեր մասին, նաև տարբեր կառույցներից՝ դպրոցներից, թաղապետարաններից, սոցիալական կազմակերպություններից են մեզ մոտ երեխաների ուղարկում։ Մենք մեր կենսագրությամբ փաստել ենք, որ իսկապես օգնում ենք մարդկանց, եթե կարողանում ենք։
Երբեմն, երբ մարդիկ դիմում են «Օրրան», նրանք այդքան չեն սպասում նյութական օգնության, որքան ջերմ վերաբերմունքի։ Ով թակում է «Օրրան»-ի դուռը, փորձում ենք օգնել, եթե ունենք միջոցներ, բայց ինձ թվում է, որ այն ջերմ վերաբերմունքը, որ նրանք զգում են, նրանց համար ավելի մեծ արժեք է ունենում։
-Ձեր սաները հիմնականում 6-16 տարեկան երեխաներն են։ Հե՞շտ է հատկապես դեռահասների հետ աշխատել։ Մի՞շտ են հակված ընդունել իրենց մեկնած օգնության ձեռքը։
-Մենք նաև հոգեբանական աշխատանք ենք տանում նրանց հետ։ Դեռահաս երեխաների հետ բավականին բարդ է, քանի որ նրանք խնդիրներ են ունենում տանը, դպրոցում, բայց մեզ մոտ աշխատում են արհեստավարժ հոգեբաններ, ուսուցիչներ, դաստիարակներ։ Աշխատում ենք նաև ծնողների հետ։ Մեզ հաճախ դիմում են միայնակ մայրերը, նրանք միայնակ են զգում իրենց, տանը տղամարդ չկա, աշխատում են և երբեմն չի ստացվում պատշաճ հոգատարություն ցույց տալ երեխաներին, ուստի նաև նրանց հետ է հարկավոր մեծ աշխատանք տանել, որպեսզի երեխաների դաստիարակությունը համապարփակ լինի։ Այս օրերին այնքան դժվար է գտնել մարդկանց, որոնք հետաքրքրված են քո կյանքով։ Կյանքն այնքան արագ է ընթանում, որ մարդիկ հազիվ են հասցնում իրենց ու ամենամտերիմ հարազատների կյանքով զբաղվել, և շատ դժվար է գտնել մեկին, որը պատրաստ է ականջալուր լինել քո խնդիրներին։
-Եթե չեմ սխալվում, Ձեր սաներն «Օրրան»-ում չեն գիշերում…
-Երեխաները գնում են համայնքային դպրոցներ, հետո այցելում են «Օրրան», և մենք նրանց տրամադրում ենք տրանսպորտի գումար, որպեսզի կարողանան այցելել մեզ, քանի որ երեխաներից շատերը հեռվից են գալիս։ Այստեղ ճաշում են, ուսուցիչների, դաստիարակների հետ դասերն են պատրաստում, այն, ինչ պահանջում է դպրոցը, ինչից հետո միայն մասնակցում են խաղերի, տարբեր դասերի։ Ինչպես արդեն ասվեց, մենք ընդունում ենք 6-16 տարեկան երեխաների, սակայն երբեմն ավելի երկար են մնում։
Դպրոցն ավարտելուց հետո փորձում ենք ուղղորդել նրանց ընդունվել քոլեջ, համալսարան կամ աշխատանք գտնել։ Մեր սաներին վերաբերվում ենք այնպես, ինչպես մեր անձնական երեխաներին, անում ենք այն, ինչ ծնողը կանի իր երեխայի համար։
-Մինչ մեր զրույցը սկսելը «Օրրան»-ի սենյակներից մեկում օտարազգի կամավորների նկատեցի։ Ի՞նչ դերակատարություն ունեն նրանք կազմակերպության կյանքում։
-Կամավորները սկսել են իսկապես կարևոր դեր խաղալ մեր կազմակերպության կյանքում։ Տարիքային սահամանափակում չկա։ Կան և՛ մեծահասակ, և՛ շատ երիտասարդ կամավորներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Կան երիտասարդ կամավորներ, որոնք այստեղ ծրագրով են գործուղվում տարբեր հաստատություններից։ Կամավորները, որոնց տեսել եք, ԱՄՆ-ից են։ Ամեն տարի նրանց համալսարանից 4 կամ 5 ուսանող գալիս է Հայաստան և Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ ինչ-որ ծրագիր է իրականացնում «Օրրան»-ի համար։ Վանաձորում «Օրրան»-ի մասնաճյուղ կա, որն ունի հողատարածք, որը չենք օգտագործում, բայց ցանկանում ենք, որ այն լավ նպատակի ծառայի։ Այժմ կամավորները ծրագիր են մշակում, թե ինչ է կարելի անել այդ հողատարածքի հետ և ինչպես։ Մի քանի շաբաթից նրանք կվերադառնան Միացյալ Նահանգներ, սակայն կշարունակեն աշխատել այնտեղից։ Այդ երիտասարդներից ոմանք առաջին անգամ են լսում Հայաստանի մասին։
-Վերջերս Երևանի սրճարաններից մեկում ծանոթացանք գլխավոր խոհարարի հետ, որը մեզ շատ համեղ ուտեստներ մատուցեց։ Պարզվեց՝ նա «Օրրան»-ի սաներից է։ Ասացիք, որ կրթական, մշակութային և այլ ծրագրեր ունեք։ Կարո՞ղ եք մտաբերել Ձեր սաներին, որոնք տարբեր բնագավառներում կարողացել են կայանալ, հաջողել։
-Երիտասարդներին նաև արհեստներ ենք սովորեցնում՝ կոշկակարություն, վարսահարդարում, մատնահարդարի մասնագիտություն և այլն։ Նրանցից շատերը չեն ցանկանում սովորել համալսարաններում, բայց հարգանքի արժանի աշխատանքով են ցանկանում զբաղվել ու գումար վաստակել։ Ամբողջ Հայաստանում 1400 նման սան ունենք։ Ունենք մի երիտասարդ շատ գեղեցիկ աղջիկ, որն Իտալիայում ռազմավարություն է սովորում, ունենք սան, որն ապագա բժշկուհի է, ունենք սաներ, որոնք լավ մայրեր, հայրեր են դարձել, լավ ընտանիքներ են կազմել, կան սաներ, որոնք այժմ իրենց երեխաներին են մեզ մոտ ուղարկում։ Շատ եմ հպարտանում, երբ տեսնում եմ, որ մեր սաները լավ մարդ են դարձել՝ անկախ իրենց զբաղմունքից, աշխատանքից։ Եթե դրամը վաստակում են իրենց քրտինքով ու լավ մարդիկ են, դա ամենամեծ ուրախությունն է։ Երբ երեխաները բարի միջավայրում, բարի մթնոլորտում են մեծանում, բարի են դառնում։
-Հավանաբար այդ կարևոր ու ծանր աշխատանքը միայնակ անել հնարավոր չէ։ Պարբերաբար ճաշկերույթներ եք կազմակերպում ներդրումներ գտնելու նպատակով։ Հաջողվո՞ւմ է պահպանել այդ ավանդույթը։
-Ընդգծեմ, որ մենք պետական կառույց չենք և ոչ մի պետական դրամաշնորհ չենք ստանում, մեր միջոցները հավաքվում են հայ համայնքներից։ Տարիներ առաջ Հայաստանում նոր մշակույթ մտցրեցինք՝ կազմակերպելով դրամահավաք-ճաշկերույթներ և բավականին մեծ գումարներ էինք ստանում, բայց համավարակը տապալեց այդ ծրագիրը։ Այժմ տարին մեկ անգամ ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում ենք այն կազմակերպում, քանի որ այնտեղ մեծ համայնք, կամավորների մեծ բանակ ունենք։ Աշխարհով մեկ սփռված հայերը, որոնք լսել են, գիտեն «Օրրան»-ի մասին, մեզ մշտապես աջակցում են։ Աստված «Օրրան»-ի ճանապարհը բացում է։
-Մենք խոսեցինք երեխաների մասին, բայց քիչ չեն նաև սոցիալապես անապահով ծերերը, որոնց կողքին ևս կանգնում եք։ Նրանց պարագայում նույն տրամաբանությա՞մբ եք աշխատում, թե՞…
-Տարեցների խնդիրներն ավելի սահմանափակ են։ Մենք մտածում ենք նրանց համար հնարավորինս հանգիստ կյանք ապահովել։ Մինչ համավարակը նրանք գալիս էին «Օրրան» ու տաք սնունդ էին ստանում, իսկ համավարակից հետո շաբաթը մեկ սննդի տոպրակներ ենք տրամադրում, այնպիսի ուտելիքներ, որոնք պատրաստելու կարիք չլինի։ Տարիներ առաջ տարեցների երգչախումբ էինք ստեղծել, որն անպայման կվերականգնենք։ Սկզբում չէին ցանկանում մասնակցել, ամաչում էին, բայց ընթացքում հասկացան, որ հաճելի է երգելը, ուրախ է անցնում ժամանակը։ Շատ լավ համերգներով հանդես եկան տարբեր հարթակներում։ Հիմնականում միայնակ ծերեր են, որոնք ընտանիք չունեն, կամ ունեն, բայց ընտանիքները սոցիալապես անապահով են։ Շատ անգամ այնպես է պատահում, որ միջոցառումներին մասնակցում են թե՛ տարեցները, թե՛ երեխաները։ Ընտանիքը, որ փորձել ենք ստեղծել «Օրրան»-ում, նաև այդ կերպ է կայանում։
-Ըստ Ձեզ՝ «Օրրան»-ի քսանհինգ տարվա ամենանշանակալի ձեռքբերումները որո՞նք են։
-Ամենամեծ ձեռքբերումն այն է, որ մեր սաները դառնում են ծնողներ և, իրենց երեխաների ձեռքը բռնած, այցելում են «Օրրան» ոչ թե օգնություն ստանալու, այլ՝ իրենց, այսպես ասած, հայրական, մայրական տուն։ Դա ինձ շատ է ուրախացնում։ Այս տարիներին կարևոր է դարձել կամավոր աշխատանքը, որը լավ է ընկալվում հասարակության կողմից։ Ամերիկյան համալսարանն իր դիմորդներից պահանջում է անպայման զբաղվել կամավորությամբ, ուստի շատ երիտասարդներ միանում են մեր թիմին։ Կամավորական աշխատանքի ինստիտուտն իսկապես կայացել է, գործում է Հայաստանում։ «Օրրան»-ը նաև նպաստել է «կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» հասկացության տարածմանը, ինչի շնորհիվ մեծ ու փոքր, ճանաչված և այլ ձեռնարկություններն իրենց վրա բարեգործությամբ զբաղվելու պարտավորություն են վերցնում։ Կան մի քանի նման ձեռնարկություններ, որոնք 20, 25 տարի մեր կողքին են։ Այդ բնագավառում կան կանոններ, թե ինչպես աջակցել ու ինչպես ընդունել այդ աջակցությունը, թե ինչպես պետք է հաշվետվություն տալ։ Այդ ինստիտուտն էլ բավականին կայացել է մեր երկրում։ «Օրրան»-ը նաև ցույց է տվել, թե ինչպես է պետք աշխատել՝ լինել թափանցիկ, հաշվետու հանրությանն ու նվիրատուներին։ Յուրաքանչյուր տարի մենք աուդիտ ենք անցնում, ինչն այնքան էլ հասանելի ծառայություն չէ, պետք է վճարել դրա համար, բայց մենք դա անում ենք, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որ նվիրատուն իմանա, թե իր նվիրատվություններն ինչպես են բաշխվել։
-Այդպես մեծանում է վստահությունը։
-Կարևոր հարց եք բարձրացնում։ Այդ վստահությունը հենց այնպես չի ձեռք բերվում։ Աշխարհով մեկ ունենք նվիրատուներ, ինչին հասել ենք քրտնաջան աշխատանքով, արդյունքներով, նվիրատուի նկատմամբ պատասխանատվությամբ։ Կարևոր է, որ չես վախենում թափանցիկ լինել ու գրքերդ բացել նրանց առջև։
-Ասացիք, որ Վանաձորում ունեք մասնաճյուղ։ Մտածո՞ւմ եք այլ մարզերի մասին, թե՞դեռ վաղ է։-Եղել են նվիրատուներ, որոնք առաջարկել են ֆինանսավորել շենքի կառուցումը, նորոգումը, սակայն կենտրոն պահելը շատ մեծ ծախսեր է պահանջում, բացի այդ ես շատ մեծացել եմ, ու նոր սերունդ պետք է գա, զբաղվի դրանով, քանի որ դա ահռելի աշխատանք է։
-Այս պահին քանի՞ սան ունեք։
-Վանաձորում և Երևանում ունենք 300 սան, ութսուն տարեց, բայց մեր օգնության շրջանակը շատ ավելի լայն է, քան «Օրրան»-ի պատերը։ Օգնություն ենք տրամադրում նաև արցախցիներին։ 25 տարվա ընթացքում 30 հազար մարդու ենք աջակցել։
Երբ կառուցում էինք «Օրրան»-ը, հարևանությամբ հացթուխների երիտասարդ ընտանիք էր ապրում։ Նրանք ամեն օր մեզ երկու հաց էին տալիս, և մենք ընդամենը 16 սան ունեինք։ Հետո նրանք հեռացան Հայաստանից, ու կապը կորավ։ Հարցազրույցներից մեկի ընթացքում պատմեցի նրանց մասին, հույս ունեի, որ նրանցից մեկը կկարդա, կլսի զրույցը, քանի որ մինչ օրս հիշում եմ նրանց ու շնորհակալ եմ այդ հացերի համար։ Ես անչափ ուրախ եմ, որ նրանց մորաքույրը կապ հաստատեց մեզ հետ, այնուհետև մենք կապ հաստատեցինք այդ ընտանիքի հետ։ Մենք ոչ մեկին չենք մոռանում։