
Մենք մեզ պարտված չենք համարում. Դավիթ Առուշանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, ներկայումս Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը վստահեցնում է՝ ՔՊ-ն Գյումրիում չի պարտվել։
«Մենք մեզ պարտված չենք համարում»,- այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առուշանյանը։
Լրագրողների դիտարկմանը՝ իսկ ե՞րբ է պատրաստվում իշխանությունն իզոլացնել ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին, Առուշանյանն արձագանքեց.
«Ի՞նչ հարցեր եք տալիս։ Մեր թիմի ձեռագիրը չէ դա, նախընտրական պրոցեսը գնացել է օրենքի շրջանակում։ Կազմակերպել ենք մաքուր ընտրություններ»։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե Գյումրու ընտրություններից հետո Փաշինյանից հրաժարականի պահանջով sms չի՞ ստացել արդյոք, Առուշանյանը նշեց, թե ոչ, հրաժարական չի ներկայացնելու։
«Ես հրաժարական չեմ ներկայացնելու։ Լավ արդյունքներ գրանցելու պարագայում որևիցե մեկն աշխատանքից չի ազատվելու։ Ես բարձր ճակատով քայլել եմ Գյումրիում և շարունակելու եմ քայլել, բոլոր գյումրեցիների աչքերի մեջ նայել, այդ թվում՝ բոլոր ընդդիմադիր թեկնածուների և նրանց ավագանու անդամների»,- ասաց Առուշանյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է` Գյումրիում կրկնվեն, օրինակ, Ալավերդու և Վանաձորի սցենարները, Առուշանյանը նշեց՝ իրենք որևէ վայրում «մարդագողությամբ չեն զբաղվել», ինչ արվել է, արվել է օրենքի սահմաններում։
Առուշանյանը պնդում է՝ թեկնածուների մի մասը խաբել, մոլորեցրել է գյումրեցիներին, երբ քարոզարշավի ժամանակ ասել է, թե իրենց հավաքած ձայներն ուրիշներին չեն տալու կամ իրենց ընտրելու դեպքում չի լինելու ո՛չ նախկին, ո՛չ ներկա, լինելու է նոր ուժ։
Մանրամասները՝ տեսանյութում։