Բաժիններ՝

Վաշինգտոնը փոխում է ՄԱԿ-ում սիրիական առաքելության իրավական կարգավիճակը

Միացյալ Նահանգները տեղեկացրել է Նյու Յորքում գտնվող սիրիական առաքելության իրավական կարգավիճակի փոփոխության մասին. այժմ ՄԱԿ-ի անդամ պետության մշտական ​​ներկայացուցչի կարգավիճակի փոխարեն սիրիական առաքելությունը կունենա ԱՄՆ-ի կողմից չճանաչված կառավարություն ներկայացնող առաքելության կարգավիճակ։ Որոշման վերաբերյալ սիրիական կողմին պաշտոնական նոտա է հանձնվել ՄԱԿ-ի միջոցով: 

Այս մասին հաղորդում է Syria TV-ն:

Նոտայի համաձայն՝ նախատեսվում է չեղարկել G1 կատեգորիայի վիզաները, որոնք տրվում են ճանաչված կառավարությունների կողմից հավատարմագրված դիվանագետներին, և դրանք փոխարինել G3 վիզաներով, որոնք տրվում են Միացյալ Նահանգների կողմից չճանաչված կառավարությունների ներկայացուցիչներին։

«ԱՄՆ պետքարտուղարության հրահանգների հիման վրա՝ որոշվել է փոխել մշտական ​​պատվիրակության և նրա անդամների իրավական կարգավիճակը՝ անդամ պետության մշտական ​​ներկայացուցչությունից ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների կողմից չճանաչված կառավարության առաքելության», – նշված է ՄԱԿ-ում սիրիական առաքելության կողմից Սիրիայի արտաքին գործերի նախարարությանն ուղղված տեքստում, որից հատված է մեջբերել լիբանանյան «Ան-Նահար» թերթը։

Սիրիական պատվիրակությունը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի որոշման առնչությամբ։

«Նոտան ներառում է հստակ և ուղիղ հայտարարություն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ճանաչում Սիրիայի ներկայիս անցումային կառավարությունը։ Դրան կարող են հաջորդել նմանատիպ քայլեր այլ երկրների կողմից, որոնք կիսում են ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը», – նշել է սիրիական պատվիրակությունը։

Լիբանանյան թերթը փորձել է պարզաբանում ստանալ որոշման առնչությամբ, սակայն Պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել որոշումը։

Ըստ վերլուծաբանների՝ Սիրիան շարունակում է մնալ ՄԱԿ-ի անդամ երկիր, բայց առանց ԱՄՆ-ի կողմից ճանաչված կառավարության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս