
Ռաֆայել Գրոսին մտադիր է այցելել Իրան և Ռուսաստան

Ռաֆայել Գրոսին մտադիր է մինչև ապրիլի վերջն այցելել Թեհրան՝ իրանական միջուկային համաձայնագրի քննարկման համար, իսկ մայիսին հնարավոր է նրա այցը Ռուսաստան։ Այդ մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակցին։
«Մենք քննարկում ենք (ուղևորության) ժամկետը, որը տեղի կունենա առաջիկա շաբաթներին», – ասել է նա: Ճշտող հարցին, թե խոսքն արդյոք ապրիլի մասին է, Գրոսին պատասխանել է. «Հավանաբար»:
Գրոսիի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները «միայն ապացուցում են համաձայնության հասնելու անհրաժեշտությունը»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել էր ռմբակոծությամբ և երկրորդային մաքսատուրքերով, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ համաձայնագիր չկնքի իր միջուկային ծրագրի շուրջ։
«Մեզ լավ, հաստատուն համաձայնություն է անհրաժեշտ: Իմ բոլոր ջանքերն ուղղված են դրան, ուստիև ես կրկին մեկնում եմ Թեհրան», – ասել է նա։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին և Գրոսին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել ԱԷՄԳ-ի ղեկավարի Թեհրան այցի շուրջ, մանրամասնությունները մշակվում են։ Նախարարության հայտարարության համաձայն՝ նկատի առնելով Իրանի հասցեին ԱՄՆ-ի վերջին սպառնալիքները, Արաղչին նշել է Թեհրանի մտադրությունը՝ վճռականորեն «պաշտպանել իր խաղաղ միջուկային ծրագիրը»:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը դիտարկում է նաև մայիսին Ռուսաստան այցի հնարավորությունը։ «(Ժամկետ) դեռևս չկա: Մենք մտածում ենք մայիսի մասին, հնարավոր է», – ասել նա ՏԱՍՍ-ի թղթակցին:Գրոսին նշել է, որ գործակալությունը մշտական աշխատանքային կապի մեջ է Ռուսաստանի հետ։ «Վերջերս Մոսկվայում էի և ծրագրում եմ վերադառնալ», – ասել նա: