Բաժիններ՝

ՄԱԿ-ի անդամ երկրներն Իսրայելին կոչ են արել հեռանալ սիրիական տարածքներից

Սիրիայի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում մի շարք անդամ երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա՝ կոչ անելով հեռանալ այդ երկրի տարածքներից։ Այս մասին հայտնել է Syria TV-ն։

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ֆու Կոնգը կոչ է արել Սիրիայի իշխանություններին առաջ մղել անցումային գործընթացն ու վճռական միջոցներ ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում: Նա դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա՝ ընդգծելով, որ Թել Ավիվը պետք է անհապաղ հեռանա Սիրիայի տարածքից։

Չինաստանի ներկայացուցիչն ընդգծել է Սիրիայի տնտեսության և կենսամիջոցների բարելավման կարևորությունը՝ կոչ անելով դոնոր երկրներին մեծացնել մարդասիրական օգնությունը և քայլեր ձեռնարկել միակողմանի պատժամիջոցների բացասական ազդեցությունը վերացնելու համար, որոնք սրել են երկրի տնտեսական խնդիրները:

Իր հերթին, Ֆրանսիայի ներկայացուցիչն Իսրայելին կոչ է արել դուրս գալ բուֆերային գոտուց՝ ընդգծելով Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալը դատապարտել է Իսրայելի պաշտպանության բանակի հարվածները Սիրիայի ուղղությամբ, նաև կոչ է արել Իսրայելին դուրս գալ բուֆերային գոտուց և Սիրիայում վերահսկողության տակ վերցրած տարածքներից։

Մյուս կողմից Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը խիստ մտահգություն է հայտնել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարության վերաբերյալ, համաձայն որի՝ «Իսրայելի ներկայությունը բուֆերաին գոտում և Գոլանի բարձունքներում դեռ երկար կշարունակվի»։

Նա Իսրայելին կոչ է արել հստակ ժամանակացույց տրամադրել ուժերի դուրսբերման համար՝ միջազգային իրավունքին համապատասխան։ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը շեշտել է «Սիրիայի և Լիբանանի համագործակցության անհրաժեշտությունը՝ կանխելու Իրանի կողմից աջակցվող զինյալների վերադարձը սիրիական տարածք»։

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը խորը մտահոգություն է հայտնել փետրվար և մարտ ամիսներին Սիրիայի հարավ-արևմտյան, այդ թվում՝ Դամասկոսի, Հոմսի և ափամերձ շրջանների ուղղությամբ իսրայելական ավիահարվածների մասին: Նա նաև մտահոգություն է հայտնել Իսրայելի հայտարարությունների առնչությամբ՝ կապված Սիրիայում անորոշ ժամանակով մնալու և երկրի հարավն «ամբողջովին ապառազմականացված գոտի» դարձնելու պահանջների առնչությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս