Դեմ ենք տարածաշրջանում միջազգային սահմանների ու աշխարհաքաղաքական փոփոխություններին․ Արաղչին՝ Երևանում

Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է Հարավային Կովկասում սահմանային ցանկացած փոփոխության։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Նա հույս հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ էսկալացիայի վտանգը կնվազի։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնեցումը։ Երկու երկրին էլ խրախուսում ենք, որ հնարավորինս արագ այս փաստաթուղթը ստորագրեն։ Մենք աջակցում ենք տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանը և դեմ ենք միջազգային ճանաչված սահմանների, ինչպես նաև աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության»,– նշեց Արաղչին։

Նրա խոսքով` սա Իրանի կայուն դիրքորոշումն է։ Ըստ Իրանի արտգործնախարարի` տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է դրա ներսում լուծվեն` երկխոսության և դիվանագիտության միջոցով,առանց ուժի կիրառման։

Դիվանագետը նաև ընդգծեց, որ քննարկումների ընթացքում 2 երկրի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցերի ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս