
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծին

Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագծին։ Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ներառվեց վաղը մեկնարկող նիստերի օրակարգ։
Օրինագծի քվերակությունը հետաձգվել էր հանձնաժողովի մարտի 3-ի նիստում։
Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 3-ի քվեարկությունից առաջ կես ժամ ընդմիջում էր խնդրել՝ նախաձեռնության հեղինակի հետ Կառավարության առաջարկները քննարկելու համար: Բայց քննարկումը տևել էր ոչ թե կես, այլ՝ մոտ երկու ժամ: Եղոյանը պարզաբանել էր՝ խնդիրը տեխնիկական է, և սեղմ ժամկետներում քվեարկությունը կկազմակերպեն:
«Քանի որ մեր քննարկումը տևեց ավելի երկար, քան օրենքով սահմանված վերջնաժամկետն է ա՛յս քառօրյայում օրենքի նախագիծը ընդգրկելու համար, ես առաջարկում եմ նախագծի քննարկումը քվեարկության փուլում հետաձգել և արդեն քննարկել ևս մեկ անգամ՝ արդեն հաջորդ քառօրյային կամ արտահերթ նիստով դիտարկելու համար: Այս քառօրյային ԱԺ կանոնակարգ օրենքով մենք այլևս չենք հասցնի», – այդ օրը հայտարարել էր Եղոյանը:
Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը, որն Ազգային ժողով է հասել «Եվրաքվե» նախաձեռնության միջոցով, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է փետրվարի 12-ին:
Օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում, այլ, ինչպես նշում են իշխող ուժի ներկայացուցիչները, այն «քաղաքական կամքի մասին է»: