
Խոզերի մեծաքանակ ներմուծումը տեղական տնտեսվարողների համար ստեղծում է մրցակցային անհավասար պայմաններ․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Խոզաբուծությամբ զբաղվողներն ահազանգում են, որ ներմուծվող խոզերը չեն մաքսազերծվում տոհմայինի անվան տակ, և դրանց մեծաքանակ ներմուծումը տեղական տնտեսվարողների համար ստեղծում է մրցակցային անհավասար պայմաններ։
Ֆերմերները հայտնում են, որ տեղական շուկայում մսի իրացումը խնդիր է դարձել։ Առանց այդ էլ, վերջին շրջանում բարձրացել է խոզի կերի արժեքը։
Կան նաև ահազանգեր, որ ներմուծվող խոզերը պատշաճ կերպով ստուգում չեն անցնում՝ դառնալով վարակների տարածողներ։
Օր օրի կրճատվում է անասնագլխաքանակը։ Չունենք հագեցված լաբորատորիաներ, որակյալ կադրեր․ անասնաբուծությունը գրավիչ չէ երիտասարդների համար։
Սա պարենային անվտանգության հարց է, և պետության կողմից նման ոչ կոմպետենտ վերաբերմունքը ոլորտի նկատմամբ անթույլատրելի է»։