
Ուկրաինան ի սկզբանե աջակցել է առանց նախապայմանների պատերազմի անհապաղ դադարեցմանը, բայց սպասում է կոնկրետ քայլերի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևն ի սկզբանե կողմ է եղել Ռուսաստանի հետ պատերազմի անհապաղ դադարեցմանը՝ առանց որևէ նախապայմանների, սակայն ակնկալում է տեսնել նաև գործնական քայլեր։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«Դա շատ ավելի արագ ճանապարհ է, քան անվերջ տեխնիկական բանակցությունները։ Բայց մենք դեմ չենք որևէ ձևաչափի, որը մեզ կմոտեցնի խաղաղության»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքով՝ առաջին և սկզբունքային քայլերից մեկը պետք է լինի քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հարվածների դադարեցումը։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր այդ մասին՝ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան այժմ կազմում է այն օբյեկտների ցանկը, որոնք առաջնահերթ պաշտպանված պետք է լինեն նման հարձակումներից։
Նա հավելել է, որ բանակցությունների արդյունքը ցույց կտա, թե որքան լուրջ են հակամարտող կողմերի խաղաղության հասնելու մտադրությունները։