
Բաքուն չի պատրաստվում խաղաղության պայմանագիր ստորագրել. Ադրբեջանի ԱԳՆ-ն պայմաններ է նշել

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ՝ եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հումանիտար խնդիրների լուծմամբ, ապա «պետք» է ապահովի ադրբեջանցիների ապահով և արժանապատիվ վերադարձի «իրավունքը», բացահայտի շուրջ 4,000 անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը և համագործակցի ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու հարցում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ ագրեսիան սկսել է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը, որը բոլոր ադրբեջանցիներին «վտարել» է թե՛ իր երկրի տարածքից, թե՛ շուրջ 30 տարի «օկուպացված» հողերից և «իրականացրել զանգվածային սպանություններ ու ավերածություններ»։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Ադրբեջանը «երբեք օկուպացիոն քաղաքականություն չի վարել Հայաստանի նկատմամբ»։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ Ադրբեջանը մտադիր չէ աչք փակել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված շարունակվող «տարածքային պահանջների», ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը և «լուծված հակամարտության» հետ կապված այլ ինստիտուտների կառուցվածքը պահպանելու փորձերի վրա։
«Մենք կրկնում ենք. Հայաստանը կկարողանա խաղաղության պայմանագիր կնքել՝ միայն առկա խոչընդոտները վերացնելով։ Ինչ վերաբերում է «պատերազմական հանցագործությունների», «էթնիկ զտումների», «խոշտանգումների» և այլ «ծանր հանցագործությունների» համար մեղադրվող հայ գերիներին ազատ արձակելու կոչերին, հիշեցնում ենք, որ նրանց գործերը դիտարկվում են միջազգային և ազգային օրենսդրության շրջանակներում, ինչը Ադրբեջանի իրավունքն ու պարտականությունն է»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։