
ՀԱՊԿ-ը ողջունում է պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը Բիշքեկի և Դուշանբեի միջև

ՀԱՊԿ-ը ողջունում է պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը Բիշքեկի և Դուշանբեի միջևՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը Ղրղզստանի և Տաջիկստանի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է կազմակերպության քարտուղարության հայտարարության մեջ։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է Պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև: Երկու երկրների ղեկավարների հետևողական ջանքերի և քաղաքական կամքի շնորհիվ համաձայնեցվել է պետական սահմանի անցման գիծը դրա ամբողջ՝ գրեթե հազար կիլոմետր երկարությամբ», – նշված է հայտարարության մեջ։
ՀԱՊԿ-ում ընդգծել են, որ սահմանային խնդիրների լուծումն, անկասկած, «կնպաստի տարբեր ոլորտներում տարածաշրջանային համագործակցության առաջանցիկ զարգացմանը, կնպաստի ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում անվտանգության բարելավմանը և կազմակերպության առջև ծառացած խնդիրների իրագործմանը»։
Քարտուղարությունում նաև երկու եղբայրական ժողովուրդներին մաղթել են հետագա հաջողություններ տնտեսապես զարգացած և ներդաշնակ հասարակությունների կառուցման գործում:
Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ժապարովը Ղրղզստանում հանդիպման ժամանակ տեսակապի միջոցով բացել են ընդհանուր պետական սահմանի հսկիչ անցակետը, ստորագրել են երկու երկրների միջև պետական սահմանի մասին համաձայնագիր և երկկողմ այլ փաստաթղթեր։
Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանի երկարությունը մոտ 980 կմ է։ Դրա սահմանագծման շուրջ բանակցությունները շարունակվում են 2002 թ. դեկտեմբերից։ Այդ հարցի չկարգավորվածությունը բազմիցս դարձել է բախումների պատճառ երկու հանրապետությունների բնակիչների և զինծառայողների մասնակցությամբ, այդ թվում՝ հրազենի կիրառմամբ։ Դրանցից վերջինը տեղի է ունեցել 2022 թ. աշնան սկզբին։ Ընդհանուր առմամբ, 2014 թվականից ի վեր ղրղզատաջիկական սահմանին տեղի է ունեցել ավելի քան 10 լուրջ ընդհարում։