
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու 12-րդ տարեդարձի առթիվ

Վահագն Խաչատուրյանը Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու 12-րդ տարեդարձի կապակցությամբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին շնորհավորական նամակ է հղել։ Այս մասին նշված է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ, մասնավորապես, նշված է, որ ՀՀ նախագահը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին մաղթել է շուտափույթ ապաքինում։
«Մաղթում եմ շուտափույթ ապաքինում և Ձերդ Սրբության առողջության համար համայն աշխարհից հնչող աղոթքներին։
Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական սերտ կապերի, նույնակունք արժեքների, հոգևոր և մշակութային ժառանգության վրա խարսխված միջպետական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում։ Երախտապարտ ենք Ձերդ Սրբության խաղաղության ուղերձների համար՝ ուղղված հայ ժողովրդին։ Աշխարհում ահագնացող պատերազմների և բռնությունների պայմաններում, առավել քան երբևէ, պետք է հետևել արդարության և համերաշխության, ժողովուրդների հաշտեցման Ձերդ Սրբության կոչերին»,-նշված է ուղերձում։
ՀՀ նախագահն իր ուղերձում նաև վստահություն է հայտնել, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու նվիրական ու վեհ առաքելությունը կնպաստի աշխարհում խաղաղության հաստատմանը։«Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքիս հավաստիքը»,-ասված է ուղերձում