Կառավարությունը հաստատել է Ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը

Հայաստանի Հանրապետության կառավարության մարտի 13-ի նիստում հաստատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած նախագիծը՝ «Ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը հաստատելու մասին: Նախագիծը հանդիսանում է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N ՀՕ-406-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառում՝ պայմանավորված ռազմական նշանակության ապրանքի պետական փորձարկման համար անհրաժեշտ քանակի ֆինանսավորման իրավահարաբերությունները սահմանելու և դրանք կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

Որոշման ընդունմամբ իրավական հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից փորձանմուշների արտադրման գործընթացի ձևավորման, ֆինանսավորման և իրավահարաբերությունների կանոնակարգման համար:

Արտադրողներին հնարավորություն է ընձեռվում սեփական միջոցներով ստեղծված ապրանքը պետական փորձարկման ներկայացնելու համար՝ համապատասխան քանակ ապահովելու նպատակով օգտվել դրանք պետական միջոցներով պատրաստելու հնարավորությունից։

Սահմանվում են նաև իրավահարաբերությունների ձևավորման, կանոնակարգման հիմքերը, շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինները, նրանց կողմից պատասխանելու և այլ գործընթացների իրականացման հստակ ժամկետները։

Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նպատակով Կառավարությունը նախատեսում է իրականացնել ռազմավարական նշանակության ապրանքների արտադրության ներքին կարողությունների զարգացում և արտադրողականության բարձրացում, արտադրական շղթայի ամբողջականության ու արդյունավետության բարձացում:

Տեսանյութեր

Լրահոս