Բաժիններ՝

Նեապոլի բնակիչները երկրաշարժի պատճառով գիշերն անցկացրել են դրսում

Իտալիայի Նեապոլ քաղաքի և դրա մերձակայքի բնակիչները գիշերն անցկացրել են փողոցում և իրենց մեքենաներում այն բանից հետո, երբ երկրաշարժը ցնցել է շենքերը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Իտալիայի սեյսմոլոգների գնահատմամբ՝ մարտի 13-ի գիշերը, տեղական ժամանակով 1։25-ին մերձափնյա Պոցուոլիի և Բանյոլիի միջև գրանցված երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4,4, երկրաշարժի օջախն ընկած է եղել 3 կմ խորության վրա։ 

Երկրաշարժը զգացվել է նաև Կամպանիայի նահանգի մի շարք շրջաններում։ Բանյոլիում մեկ կնոջ են հանել մասնակի փլուզված տան փլատակներից։ 

Նեապոլի մի մասում էլեկտրամատակարարման խափանումներ են եղել։ Մարդիկ դուրս են եկել տներից և հավաքվել Նեապոլի փողոցներում՝ վախենալով հետցնցումներից։

Քաղաքում երկրաշարժի հետևանքով վնասվել են եկեղեցու զանգակատունը և մի քանի մեքենա։  Մարտի 13-ին դպրոցները փակ են, քանի որ մասնագետները պետք է ստուգեն շենքերի ամրությունը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս