Բաժիններ՝

ԱՄԷ-ն Թրամփի նամակը հանձնել է իրանական կողմին

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Անուար Գարգաշը և նրան ուղեկցող էմիրաթյան պատվիրակությունը ժամանել են Իրան և հանդիպել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպման ժամանակ Անուար Գարգաշը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը փոխանցել է Իրանի ԱԳ նախարարին։

Այս մասին հայտնել է իրանական Mehr լրատվական գործակալությունը։ Նամակի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ ԱՄՆ նախագահի նամակն ուղղված էր Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին:

Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային միջազգային բնույթի հարցերի շուրջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ փորձելով բանակցություններ սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն այցելել էր Աբու Դաբի և հանդիպել ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդին:

Ուիթքոֆը Թրամփի նամակը փոխանցել էր էմիրաթական կողմին՝ իրանցիներին հասցնելու համար։

Օրերս Իսլամական հեղափոխության առաջնորդը համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ «Իրանը պատերազմի ջատագով չէ, բայց սպառնալիքի դեպքում վերջնական, վճռական պատասխան կտա»:

«ԱՄՆ նախագահի այն պնդումը, թե իրենք պատրաստ են բանակցել, խաբեություն է համաշխարհային հասարակական կարծիքի համար», – պնդել է Այաթոլլա Խամենեին։«Իրանը մի քանի տարի ծախսեց միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա, սակայն ԱՄՆ նախագահը խզեց գործարքը», – հավելել է Այաթոլլա Խամենեին՝ պարզաբանելով, որ «երբ մենք գիտենք, որ նրանք չեն համապատասխանում բանակցություններին, նման խոսակցությունների կարիք չկա»:

Նա հավելել է, որ եթե Իրանը ցանկանար միջուկային զենք ձեռք բերել, ապա Միացյալ Նահանգները չէր կարող իրենց կանգնեցնել։

Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսին՝ իր նախագահության առաջին ժամկետում, միակողմանիորեն դուրս էր եկել 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրից և 2025 թ․ հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո վերահաստատել Թեհրանի դեմ առավելագույն ճնշման իր արշավը: Իրանն իր հերթին հայտարարել է, որ ճնշման տակ չի բանակցելու: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս