
Ղրղզստանը կվերսկսի Տաջիկստանի հետ ավիահաղորդակցությունը, որն ընդհատվել էր 2021 թվականին

Ղրղզստանը և Տաջիկստանը համաձայնության են եկել վերսկսել օդային հաղորդակցությունը երկու երկրների միջև, որն ընդհատվել էր 2021 թվականին։ Այդ մասին Բիշքեկում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնի հետ բանակցություններից հետո։
«Համաձայնություն ենք ձեռք բերել ավիափոխադրումների վերսկսման շուրջ», – ասել է նա։ Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս կողմերի միջև կվերականգնվի նաև ավտոբուսային հաղորդակցությունը։
Դուշանբեի և Բիշքեկի միջև առաջին չվերթն ավիահաղորդակցության վերականգնումից հետո տեղի կունենա մարտի 14-ին, հայտնել է Ռահմոնը։ Նրա խոսքով՝ նախագահները պրոֆիլային կառույցներին հանձնարարել են միջոցներ ձեռնարկել՝ վերսկսելու ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունը, այդ թվում՝ սահմանամերձ տարածաշրջանների միջև։
Ռահմոնն ընդգծել է, որ միմյանց տարանցիկ-տրանսպորտային հնարավորությունների փոխշահավետ օգտագործումը թույլ կտա ապահովել երկու երկրների և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի տնտեսությունների կայուն զարգացումը։
Բիշքեկի և Դուշանբեի միջև օդային հաղորդակցությունն ընդհատվել էր 2021 թ. մայիսին՝ սահմանին տեղի ունեցած զինված բախումից հետո:
Երկու նախագահները Ղրղզստանում հանդիպման ժամանակ տեսակապի միջոցով բացել են ընդհանուր պետական սահմանի հսկիչ անցակետը, ստորագրել են երկու երկրների միջև պետական սահմանի մասին համաձայնագիր և երկկողմ այլ փաստաթղթեր։