
Իռլանդիայի վարչապետն ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է խաղաղությանն ուղղված ջանքերի կարևորությունը

Իռլանդիայի վարչապետ Միշալ Մարթինը Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ կարևորել է վերջինիս նախաձեռնությունները խաղաղության գործընթացում։ Իր ելույթում Մարթինն ընդգծել է, որ պատերազմները կործանարար են և բազմաթիվ երիտասարդների կյանք են խլում։
«Հիշում եմ, թե ինչպես 90-ականների սկզբին, երբ Իռլանդիայում խաղաղությանն ուղղված քայլեր ձեռնարկվեցին, շատերը քննադատում էին Ջոն Հյումի և Ալբի Ռեյնոլդսի նման մարդկանց, բայց նրանք շարունակեցին իրենց ջանքերը։ Երբ 1993 թվականին ձեռք բերվեց առաջին հաջողությունը՝ հրադադարի տեսքով, ևս մի քանի տարի պահանջվեց համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման համար: Սակայն պատերազմի կրակն ի վերջո մարեց», – ասել է Մարթինը՝ հիշելով հակամարտությունը Հյուսիսային Իռլանդիայում, որը սկսվել էր 1960-ականների վերջին և ավարտվել 1998 թվականին Բելֆաստի համաձայնագրի կնքմամբ։
Մարթինն այս համատեքստում անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող հակամարտությանը՝ բազմաթիվ երիտասարդների կորցնելու հեռանկարն անվանելով «սարսափելի»։
«Ուկրաինայում ընթացող պատերազմը կործանարար է եղել երիտասարդների համար, և մենք պետք է հասկանանք, որ սա պարզ, բայց կարևոր ուղերձ է։ Մենք բոլորս էլ երեխաներ ունենք, և այդքան երիտասարդների կյանքը կորցնելու հեռանկարը սարսափելի է, լինեն նրանք ուկրաինացի, ռուս, թե որևէ այլ մեկը:
Այն ամենն, ինչ մենք կարող ենք անել բռնությունը դադարեցնելու համար, չափազանց դրական քայլ է: Իհարկե, կլինեն նրանք, ովքեր կասկածներ կհայտնեն և կդիմադրեն, բայց մեր խնդիրն է աշխատել սրա վրա և կառուցել խաղաղություն», – ասել է Իռլանդիայի վարչապետը։
Միշալ Մարթինը Դոնալդ Թրամփի հետ հանդիպում է ունեցել մարտի 12-ին։ Բացի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումից, կողմերը նաև քննարկել են ԱՄՆ-ի կողմից Եվրամիության նկատմամբ սահմանած մաքսատուրքերը