Մեզնից յուրաքանչյուրը պիտի պայքարի հանուն մեր բարոյականության, պիտի մեկուսացնենք, պարսավենք հակառակ բարոյականությունը կրողներին․ Միքայել Նահապետյան

Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինձ ճանաչողները գիտեն, որ ես վարում եմ «գառլախների» էլեկտրոնային ցուցակ։ Այդ ցուցակում մարդիկ են ում ես մեկուսացրել եմ իմ փոքրիկ սոցիումից, հրաժարվում եմ ձեռքով դիպչել նրանց, հայտնվել նրանց հետ միաժամանակ նույն եթերային տաղավարում, մասնակցել ֆորումների որոնցում նրանք կան, թույլ չեմ տալիս ինձ հետ մտերմություն պահել բոլոր նրանց ովքեր մտերիմ են նաև որևէ «գառլախի» հետ, արգելում եմ ինձ հարցեր տալ «գառլախների» մասին, արգելում եմ իմ ներկայությամբ որպես լուրջ տեքստ քննարկել «գառլախների» որևէ խոսք։

Մի քանի տարվա ընթացքում այդ ցուցակը ստացել է պատկառելի երկարություն։ Այդ ցուցակում հայտնվելը իմ անձնական սիրել-չսիրելով չի, այդ ցուցակում հայտնվածները քաղաքական հակառակորդներ չեն, սոսկ հակառակ ճամբարի մարդիկ չեն, այդ մարդկանցից որևէ մեկը ինձ անձնական որևէ թթու խոսք չի ասել, անձնական վատություն չի արել… այդ ցուցակում են հայտնվում այն մարդիկ ովքեր որևէ բառացի ոտնձգություն են կատարել իմ դավանած բարոյական հիմնաքարերի հանդեպ` ատելություն ու զրպարտություն են տարածել գերիների հասցեին, խտրական ու ատելության խոսք են ասել արցախցիներին, ատելության ու ֆիզիկական ոչնչացման կոչեր են հնչեցրել հասարակ քաղաքացիների հասցեին… մի խոսքով բոլոր նրանք ում չի դատում Նիկոլի դատարանը ու եթեր է տալիս Նիկոլի Ատելության առաջին ալիքը։

Ինչի համար եմ սա գրում.

Կարգը հաստատում են համարձակները ոչ թե ազնիվները։ Եթե հանրակացարանի սենյակում բնակիչներից մեկն իր կարիքները հոգում է հատակին, իսկ մյուս երեքը` ոչ, միևնույն է այդ սենյակը խոզերի սենյակ է, որովհետև այդտեղ կա մեկը ով համարձակվել է դուրս գալ նորմալի դեմ ու չկա մեկը ով կստիպի նրան անել հակառակը, դեռ մի բան էլ հարմարված ապրում են։

Հիմա այս մարդիկ համարձակվել են դուրս գալ մեր կրած արժեքների դեմ` խփել ընկածին, հալածել հալածվողին, թունավորել ազգային եղբայրությունը, մահ ցանկանալ մեզ բոլորիս` արցախցիներին ջոկ, ընդդիմադիրներին ջոկ, միտինգ անողներին ջոկ, չհամակերպվողներին ու չներողներին ջոկ…

Արդյո՞ք մենք համակերպված ապրելու ենք այն փաստի հետ, որ «Դե հա, կան մարդիկ ովքեր ծիծաղում են Բաքվում մեռնող Ռուբենի վրա ու կան մարդիկ ովքեր տխրում են դրանից», «կան մարդիկ ովքեր ուրախացել են, որ Արցախը չկա ու արցախցիները անտուն, աղքատ ու ցնորական են մնացել, մեկ էլ մարդիկ, որոնք դա ողբերգություն են համարում»… բայց զատո մենք միշտ լավերի մեջ ենք։

Այդպես այս հարցը չի լուծվելու, բավարար չի ուղղակի նրանց նման չլինել, բավարար չի նրանց ասածից տարբերվող բաներ ասել։ Մեզնից յուրաքանչյուրը պիտի պայքարի հանուն մեր բարոյականության, մենք պիտի ամենուր ճնշենք, մեկուսացնենք, պարսավենք, ստորացնենք հակառակ բարոյականությունը կրողներին… զրո գթասրտություն, զրո էթիկա, զրո մարդասիրություն է պետք ցուցաբերել այդ մարդկանց, նրանց ընկերների ու բարեկամների հանդեպ, մարդիկ պիտի ամաչեն ու չքմեղանան, որ իրենք «գառլախի» հետ ազգակցական կապ ունեն։ Բացի բռնությունից բոլոր միջոցները արդարացված են այդ մարդկանց դեմ։

Ու սա քաղաքական հարց չի, կրկնում եմ, խոսքը որևէ շարքային կամ տո նույնիսկ դեպուտատ ՔՊ-ականի մասին չէ, ով երկիրը խուրդելու արանքում փոր է կշտացնում` էդպիսիք եղել են ու կլինեն, դրանցով դատախազությունը կզբաղվի ինչ-որ մի օր։ Խոսքը նրանց մասին է, ովքեր ինչ-որ պահի որոշեցին, որ մենք այն հասարակությունն ենք որի առջև կանգնած կարելի է ասել «ղարաբաղցիք պտի մեռնեն», կարելի է գերիներին թիկունքից հարվածներ հասցնել ու հետո շարունակել ապրել հանգիստ ու արժանապատիվ կեցվածքով։

Ես գիտեմ, որ մենք մեծամասնություն ենք, ես գիտեմ որ մեզնից հատկապես նրանք ովքեր քաղաքական գործիչ չեն կամ ակտիվիստ, ովքեր ուզում են ապրել ազնիվ ու հանգիստ` խուսափում են կեղտոտ ու զզվելի այդ կռվից, որտեղ մաղձ ու լեղի է թափվում… բայց եթե հիմա մենք չխոսենք, եթե հիմա մենք մեր ձեռքը չխփենք սեղանին, եթե մասսայական պարսավանքի ու մեկուսացման չենթարկենք այդ հակամարդկանց` վաղը վախենալու ենք լինել մարդ, վախենալու ենք չատել արցախցուն, կարեկցել գերիներին, սիրել հայրենիքը… Այնպես ինչպես հիմա շատերը վախենում են խոսել նվաստացման դեմ, որ չպիտակավորվեն «պատերազմի հրձիգ»։

Նրանք մի քանի հոգով չեն վախեցել մտնել երեք միլիոն մարդու մեջ ու խոսել նախկինում տաբուացված, զազրելի բաներ ու նրանք արդեն կարողացել են գոյության իրավունք տալ այդ հակամարդկությանը։ Միթե՞ մենք կլինենք նրանցից ավելի վախկոտ ու անվճռական մեր արժեքները պաշտպանելու հարցում»։

Տեսանյութեր

Լրահոս