
Սիրիայի նախագահը կոչ է անում Ասադի կողմնակիցներին վայր դնել զենքը

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան կոչ է արել երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զինված կողմնակիցներին վայր դնել զենքը՝ «քանի դեռ ուշ չէ»։ Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat պարբերականը։
Ալ-Շարաայի հայտարարությունը հնչել է Սիրիայի արևմուտքում տեղի ունեցած բախումների առթիվ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։ Մարտի 6-ին Ասադի կողմնակիցները ապստամբություններ են բարձրացրել Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում։
Բախումներ են տեղի ունեցել նաև Ջաբլա քաղաքում, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ Լաթաքիայից հարավ։ Այս ափամերձ գոտում կենտրոնացած է Սիրիայի ալևիների բնակչությունը, որին պատկանում է Ասադների ընտանիքը։
Ալ-Շարաան ընդգծել է, որ Սիրիայի ապագան կախված է ազգային համերաշխությունից և կոչ է արել բոլոր կողմերին միանալ խաղաղ գործընթացին՝ խուսափելու համար հետագա արյունահեղությունից։