Բաժիններ՝

ՎԶԵԲ-ը ՀՀ 2025-2030թթ. ներդրումային ռազմավարության շրջանակում առաջնահերթ է համարում մրցունակ մասնավոր հատվածի խթանումը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հրապարակել է 2025-30 թթ. համար Հայաստանի ներդրումային ռազմավարությունը։ Ավելի մրցունակ և ներառական մասնավոր հատվածի խթանումը շարունակում է հիմնական առաջնահերթությունը հանդիսանալ։

Բանկը նախատեսում է ֆինանսավորել կայուն ենթակառուցվածքները՝ կանաչ անցումը առաջխաղացնելու համար

Բանկի երկու հիմնական ներդրումային առաջնահերթությունները կլինեն աջակցությունը ավելի ներառական և մրցունակ մասնավոր հատվածի զարգացմանը երկրում, ինչպես նաև կայուն ենթակառուցվածքների խթանման միջոցով կանաչ տնտեսությանն անցման արագացումը։

Բանկը նախորդ՝ 2019-2024 թթ. Երկրի ռազմավարության շրջանակում Հայաստանում ներդրել է մոտ 1 միլիարդ եվրո՝ նպաստելով զգալի տնտեսական առաջընթացին։

Միայն 2024 թվականին ՎԶԵԲ-ը երկրում ներդրել է ռեկորդային 396 միլիոն եվրո՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մասնավոր հատվածի զարգացմանը և ենթակառուցվածքներին աջակցությանը՝ Հայաստանի առևտրային հնարավորութ-յունները խթանելու նպատակով։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը զգալի աճ է արձանագրել՝ չնայած բազմաթիվ տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերներին։ Բանկի նոր ռազմավարությունն ուղղված է այս դինամիկան շարունակելուն՝ միևնույն ժամանակ լուծելով առկա խնդիրները, ինչպիսիք են տնտեսության ցածր դիվերսիֆիկացիան և միջազգային շուկաներին սահմանափակ հասանելիությունը։

ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանի զարգացմանն աջակցել ներդրումների և քաղաքական երկխոսության միջոցով։

Ռազմավարության առաջին առաջնահերթությունը մասնավոր հատվածի ներառականության և մրցունակության բարձրացումն է՝ ֆինանսական միջնորդության բարելավման, փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև փախստականներին և նրանց ընդունող համայնքներին ուղղված նպատակային աջակցության և առևտրի դիվերսիֆիկացման խթանման միջոցով։

Երկրորդ առաջնահերթությունը հանդիսանում են ներդրումները կայուն ենթակառուցվածքներում՝ կանաչ տնտեսությանն անցումը արագացնելու նպատակով։ Սա կներառի էներգաարդյունավետության նախաձեռնությունների ֆինանսավորումը, Բանկի «Կանաչ քաղաքներ» ծրագրի ընդլայնումը և էներգետիկ անվտանգության բարձրացումը՝ շեշտադրելով վերականգնվող էներգիայի լուծումները։

Լրացուցիչ ջանքեր կգործադրվեն Հայաստանի համար ազգային մակարդակով սահմանված գործողությունների (NDCs) և ցածր ածխածնային զարգացման ուղիներին աջակցման համար։

ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին նշեց. «Հենվելով մեր նշանակալի ձեռքբերումների վրա՝ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար նախատեսում է մի ապագա, որտեղ ներառականությունն ու կայունությունը ճանապարհ կհարթեն ուժեղ մասնավոր հատվածի համար։ ՎԶԵԲ-ը ներդրումները կուղղորդի՝ հատուկ ուշադրություն դարձնելով դիվերսիֆիկացմանը և միջազգային շուկաներին հասանելիությանը, մասնավոր հատվածի և կապիտալի շուկայի զարգացմանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի զարգացմանը՝ միաժամանակ շարունակելով քաղաքականության երկխոսությունը՝ առանցքային բարեփոխումներն իրականացնելու նպատակով»։

Մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում՝ 224 ծրագրերի շրջանակներում կատարել է 2․6 միլիարդ եվրոյի ներդրում, որի 84 տոկոսը՝ մասնավոր հատվածում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս