«Հաջողություն, Մարկո: Մենք գիտենք՝ ում մեղադրել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա». Թրամփը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է քայլեր ձեռնարկել Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին նա ասել է Կոնգրեսի երկու պալատների առջև ունեցած ելույթում:

«Իմ վարչակազմը կվերադարձնի Պանամայի ջրանցքը, և մենք արդեն սկսել ենք դա անել… Հենց այսօր մի խոշոր ընկերություն հայտարարել է, որ գնում է Պանամայի ջրանցքի մերձակայքում գտնվող երկու նավահանգիստներ»,- ասել է Թրամփը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ունի պետքարտուղար Մարկո Ռուբիո, որը «դրա պատասխանատուն է»։

«Հաջողություն, Մարկո: Մենք գիտենք՝ ում մեղադրել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա»,- կատակել է Թրամփը։Հոնկոնգում տեղակայված CK Hutchinson ներդրող և նավահանգստային օպերատոր հոլդինգն այս շաբաթ հայտարարել է, որ վաճառում է վերահսկողությունը ջրանցքի երկու նավահանգիստները կառավարող ընկերության նկատմամբ:

Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելու օրը հայտարարել է, որ Պանամայի իշխանությունները չեն կատարում իրենց պարտականությունները Պանամայի ջրանցքի կառավարման հարցում, և որ Միացյալ Նահանգները կվերականգնի դրա նկատմամբ վերահսկողությունը։

Թրամփը հայտարարել է, թե «ջրանցքը կառավարում է Չինաստանը», ինչը հերքել են թե՛ Պեկինը, թե՛ Պանաման։

Ամփոփելով պետքարտուղար Ռուբիոյի Պանամա կատարած այցը՝ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կկարողանա արագորեն լուծել Պանամայի ջրանցքում չինական ընկերությունների ներկայության հետ կապված խնդիրը։

Տեսանյութեր

Լրահոս