Չինաստանը նախատեսում է ՀՆԱ-ի 5% աճ ապահովել. Պեկինում մեկնարկել է երկրի գլխավոր  քաղաքական իրադարձությունը

Չինաստանը նախատեսում է 2025 թվականին համախառն ներքին արդյունքի շուրջ 5% աճ ապահովել, ինչպես նաև կրճատել գործազրկության մակարդակը։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 14-րդ գումարման 3-րդ նստաշրջանին ներկայացված զեկույցը։

Փաստաթղթում նշվում է, որ շնորհիվ ձեռնարկված արդյունավետ քաղաքական քայլերի, Չինաստանը 2024 թվականին հասել է 5% տնտեսական աճի և այդ ցուցանիշով ընդգրկվել է ՀՆԱ-ի առավել արագ աճի տեմպեր գրանցած երկրների շարքում։

Բացի այդ, ՉԺՀ կառավարության կողմից նիստի բացման ժամանակ տարածված զեկույցում նշվում է, որ Չինաստանը համախոհ երկրների հետ կնպաստի իրավահավասար և բազմաբևեռ աշխարհի զարգացմանը։

«Չինաստանը պատրաստ է միջազգային հանրության հետ միասին հանդես գալ իրավահավասար և կանոնակարգված բազմաբևեռ աշխարհի, ինչպես նաև համընդհանուր հասանելի և ներառական տնտեսական գլոբալիզացիայի օգտին», – ասվում է զեկույցում։

Բացի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 14-րդ գումարման նստաշրջանից, Պեկինում անցկացվում է նաև Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի 14-րդ գումարման նստաշրջանը, որի բացմանը մարտի 4-ին մասնակցել են երկրի նախագահ Սի Ծինփինը և այլ պետական ու կուսակցական ղեկավարներ։ Քանի որ երկու մարմիններն էլ իրենց նստաշրջաններն ամեն տարի սկսում են նույն ժամանակահատվածում, այն հավաքական կերպով ստացել է «Երկու նիստ» անվանումը։ Նստաշրջանը կավարտվի մարտի 10-ին։ Նիստերի օրակարգում է կառավարության աշխատանքի վերաբերյալ ամենամյա զեկույցի քննարկումը։

Տեսանյութեր

Լրահոս