
ԱԳՆ հայտարարության տեքստն անհասկանալի էր, պահանջատիրություն չկար. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԱԳՆ-ի դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՝ արձագանքելով իշխանությունների՝ Բաքվում պահվող հայ ռազմագերի վերաբերյալ մեկնաբանություններին, ասաց՝ աշխատանքի բացակայությունը քողարկելու շատ լավ տարբերակ է ասել, թե «չենք խոսում, որպեսզի չվնասենք Բաքվում պահվող հայ ռազմագերին»:
«Այն խողովակները, որոնք ինձ համար տեսանելի են, դրանցով աշխատանքը կա՛մ շատ չնչին է, կա՛մ բացակայում է։ Արդյունքները զրոյական են: Այսօրվա ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը պահանջներ ներկայացնելու տեսանկյունից ինձ համար անընկալելի լեքսիկոնով էր գրված։ Այն ավելի շատ նման էր փաստերի արձանագրման, քան պահանջի։ Տղե՛րք, ո՞ւր էիք, քանի՞ օր է անցել, ինչի՞ համար է դա նոր արվում։ Պարտադիր պետք է հասարակությունը ճնշի, նոր ԱԳՆ-ն հիշի, որ պետք է աշխատի՞։ Սա ինձ համար անընկալելի է»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է իշխանության արձագանքներին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք էր հասկանալ՝ Ռուբեն Վարդանյանին ով և ինչ նպատակով էր ուղարկել Արցախ, Մամիջանյանն ասաց.
«Նիկոլ Փաշինյանը մահու չափ վախենում է հայրենասերներից, իսկ Ռուբեն Վարդանյանը և Բաքվում պահվող մյուս հայրենակիցները հայրենասերներ են։ Այդ ինչ հրեշ պետք է լինես, որ թողնես մարդը Բաքվում տանջվի՝ մտածելով, թե հետագայում ինքը կարող է քաղաքական ամբիցիա ունենալ կամ չունենալ։ Դա ինձ համար անընկալելի է»։