
Մեքենաների կողային հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել է

Փետրվարի 25-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 38-ամյա մի քաղաքացի և հայտնել է, որ ժամը 13.30-ից 14.20-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Հյունդայի Էլանտրա» մակնիշի մեքենայի կողային հայելին:
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել էին քննչական բաժին։
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, փետրվարի 25-ի ժամը 16.15-ին Ավան-Առինջ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տեղափոխել նույն շենքի բնակիչ 33-ամյա մի տղամարդու։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է տարբեր մակնիշի մեքենաների հինգ կողային հայելի:
Պարզվել է, որ հայելիներից մեկը «Հյունդայի Էլանտրա» մակնիշի մեքենայինն է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոր Նորքի քննչական բաժին: