
Ֆրանսիան ԱՄՆ-ից շուտ է սկսել Ուկրաինայի օգտակար հանածոների շուրջ Կիևի հետ բանակցություններ վարել. Լեկոռնյու

Ֆրանսիան ցանկանում է դառնալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքային պաշարների շահագործման շուրջ քննարկումների մաս, որոնք անցկացվում են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Փարիզը դեռ 2024 թ. հոկտեմբերից Կիևի հետ քննարկումներ է ունեցել ուկրաինական օգտակար հանածոների օգտագործման շուրջ՝ Ֆրանսիայի պաշտպանական արդյունաբերության համար։ Ըստ Լեկոռնյուի՝ իր «հաղթանակի պլանում» Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ներառել է հազվագյուտ հողային մետաղների շահագործման թեման և մի շարք առաջարկներ է արել ոչ միայն ԱՄՆ-ին, այլևս Ֆրանսիային։
«Այնպես որ, սա (ԱՄՆ) նախագահ Թրամփը չի հնարել, քանի որ սա հենց ուկրաինացիներն են առաջարկել», – ասել է Լեկոռնյուն։
«Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև այս համաձայնագիրը կնքվի: Բայց դուք պետք է իմանաք, որ ես ինքս ուկրաինացի իմ գործընկերոջ հետ քննարկում եմ պաշտպանության ոլորտի մեր կարիքները: Մեր պաշտպանական արդյունաբերությունը ռեսուրսների կարիք կունենա…. Մենք փոխհատուցումներ (Ուկրաինայից) չենք փնտրում: Բայց մեր պաշտպանական համակարգը պաշարների կարիք ունի, որոնք առանցքային են մեր սպառազինության համակարգի համար ոչ միայն առաջիկա տարիների, այլև առաջիկա 30-40 տարվա համար», – հավելել է նա։
Նախարարը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է, որ Փարիզը նույնպես մասնակցի ԱՄՆ-ի և ուկրաինացիների քննարկումներին։
Կիևը և Վաշինգտոնը արդեն ավելի մոտ են Ուկրաինայի օգտակար հանածոների համատեղ մշակման շուրջ համաձայնության հասնելուն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փետրվարի 28-ին մեկնելու է Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու համաձայնագրի տեքստը։ Ուկրաինային բաժին է ընկնում աշխարհի հանքային ռեսուրսների շուրջ 5%-ը