
Գերմանիայի հավանական ապագա կանցլեր Մերցը հանդիպել է Մակրոնի հետ

Բունդեսթագի արտահերթ ընտրություններում հաղթած Քրիստոնեական-դեմոկրատական միություն/Քրիստոնեական-սոցիալական միություն դաշինքից Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը փետրվարի 26-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակում:
«Հարգելի Էմանուել Մակրոն, շատ շնորհակալ եմ ձեր բարեկամության և գերմանաֆրանսիական հարաբերությունների նկատմամբ ձեր վստահության համար: Միասին մեր երկրները կարող են մեծ նվաճումների հասնել Եվրոպայի համար», – գրել է պահպանողական քաղաքական գործիչը:
Իր հերթին ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Մերցի և Մակրոնի միջև Ելիսեյան պալատում երեք ժամ տևած զրույցից հետո երկու քաղաքական գործիչները «ցուցաբերեցին կամք՝ գերմանաֆրանսիական հարաբերություններում նոր էջ սկսելու համար»։
Ըստ հայտարարության՝ «բանակցություններն ընթացել են բացառապես բարեկամական մթնոլորտում, մի շարք թեմաների շուրջ ձեռք է բերվել մեծ համաձայնություն»։
dpa լրատվական գործակալությունը նշում է, որ Մակրոնի և Մերցի զրույցի թեմաներից մեկը կարող էր լինել եվրոպական պաշտպանությունը։ Փետրվարի 24-ին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Մակրոնին։ Երկու առաջնորդների զրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահն ակնարկել էր, որ անհրաժեշտ է համարում ԵՄ-ի ավելի ակտիվ ներգրավվածությունը ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ տալու շուրջ բանակցություններում։
Մարտի 6-ին պետք է կայանա ԵՄ արտահերթ գագաթնաժողովը, որում կքննարկվեն Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը, ինչպես նաև Եվրամիության պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված միջոցառումները։