
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը փորձում է սրբագրել թիմակցի՝ Սարիկ Մինասյանի, ասածները
Ես ամբողջությամբ նայել եմ հրապարակումը, որտեղ պարոն Սարիկ Մինասյանն ասում է՝ բավարար չափով չենք կռվել՝ նկատի ունենալով բոլորիս, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավթի Խուդաթյանը։
«Պետք է խնդրեմ, որ պարոն Մինասյանի ասածը կոնտեքստից չկտրվի։ Նա ասել է, որ յուրաքանչյուրս ենք մեղավոր և յուրաքանչյուրս մեր պատասխանատվության չափն ունենք պատերազմի ողբերգական ելքի մեջ։ Խոսքը չի վերաբերել զինծառայողներին, զոհված զինծառայողներին։ Դրանից հետո պարոն Մինասյանը պատշաճ պարզաբանում է տվել իր հայտարարության մասով, և դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,-հավելեց նա։
Հիշեցենք, որ Գյումրու քաղաքապետի ԺՊ Սարիկ Մինասյանը նշել էր, որ պատերազմում պարտվեցինք, քանի որ լավ չենք կռվել։
Անդրադառնալով Մերձավանում տեղի ունեցած սպանությանը՝ Խուդաթյանը ասաց, թե ցավում է դեպքի համար, սակայն դա ընտրական գործընթացի հետ կապված չէր։
«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Մերձավանի համայնքապետը տուժող կողմ է, սպանվել է իր հորաքրոջ տղան, ինքն էլ միջադեպին չի մասնակցել»,- նշեց նա։
Հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ սպանվածի եղբայրը պաշտոն է ստացել, արդյո՞ք դա գործը կոծկելու համար չի արվել՝ նա պատասխանեց.
«Այդպիսի ինֆորմացիա չունեմ, խոստանում եմ անպայման ճշտել»։
Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցման մասին հարցին, ապա Խուդաթյանն ասաց, որ տեղաշարժ կա, շարունակում են ուսումնասիրել այն առաջարկները, որոնք հավանական կլինեն նոր ատոմակայանի կառուցման մասով։
Նա նշեց, որ այս պահին նպատակահարմար չի գտնում ներկայացնելու երկրների ցանկը, քանի դեռ որոշում չունեն.«Կառավարությունը ստեղծել է փակ բաժնետիրական ընկերություն, որը զբաղվելու է ատոմակայանի նոր մոդելի առաջարկով, հետագայում՝ նաև տեխնիկական պայմանների ստեղծմամբ, հսկողությամբ։ Հետագայում այն հանձնելու է շահագործողներին։ Առաջիկայում հաստատվելու է հաստիքացուցակը, զուգահեռ աշխատում ենք ատոմակայանի ժամկետի երկարացման ուղղությամբ։ Գործողությունների ցանկ ունենք, որոնք պարտադիր են իրականացման համար։ Մտավախություն ու մտահոգություն չունեմ, որ հնարավոր է հետ ընկնենք այս գրաֆիկից»։
Նա նաև ավելացրեց, որ երբ մոդելի վերջնականացումը լինի, այդ մասին կհայտարարեն։