
ԲՐԻԿՍ-ը ժամանակավորապես կասեցնում է ընդլայնումը

ԲՐԻԿՍ-ի ընդլայնման հարց ներկայում չկաօրակարգում: Այս մասին «Իզվեստիա» պարբերականին հայտնել են Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունից։
Այս տարի ԲՐԻԿՍ-ում նախագահող Բրազիլիայից հայտնել են, որ ընդլայնում չի պլանավորվում, քանի որ մասնակիցների թվի աճը հանգեցրել է ինստիտուցիոնալ խնդիրների: Իր նախագահության տարում երկիրը կկենտրոնանա դրանց լուծման վրա:
Հրատարակությունը հիշեցնում է, որ վերջին երկու տարում ԲՐԻԿՍ-ում ընդլայնման երկու փուլ է տեղի ունեցել. 2024 թվականին հնգյակին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) միացել է ևս չորս երկիր (Եգիպտոս, Իրան, ԱՄԷ, Եթովպիա), իսկ 2025 թվականից Ինդոնեզիան է դարձել միավորման անդամ։
«Ընդլայնումը եղել է վերջին երկու նախագահությունների (Հարավաֆրիկյան Հանրապետության և Ռուսաստանի) ընթացքում: Բացի այդ, Ռուսաստանի նախագահության ժամանակ 12 երկիր հրավիրվել է միանալու որպես գործընկեր երկիր: Ներկայում համաձայնել է ինը երկիր, ևս երեքը վերջնական պատասխան չի տվել», – «Իզվեստիա»-ին հայտնել է Բրազիլիայի արտգործնախարարի պաշտոնական ներկայացուցիչ Ժոել Սամպայոն:
ԲՐԻԿՍ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ Դանիել Լեյտաոն «Իզվեստիա»-ի հետ զրույցի ժամանակ ասել է, որ երկրի նախագահության առաջնահերթություններից է ադապտացումն ընդլայնման վերջին փուլից հետո, այդ թվում՝ նոր մասնակիցների լիարժեք ինտեգրումն աշխատանքային գործընթացներին։ «Ընդլայնման արդյունքում առաջացան մի քանի ինստիտուցիոնալ խնդիրներ:
Դժվարություններ են առաջանում միջոցառումների աճող թվի, գոյություն ունեցող մեխանիզմների միջև աշխատանքի որոշ չափով կրկնօրինակման և փաստաթղթերի ու նախաձեռնությունների համախմբված և մշտական գրանցամատյանի բացակայության պատճառով, ինչն առանձնակի դժվարություն է ներկայացնում նոր անդամների համար: Բրազիլիան իր ջանքերն այդ խնդիրների լուծման վրա կկենտրոնացնի առաջիկա ամիսներին», – նշել է Լեյտաոն։
Ի դեպ, Արգենտինան և Սաուդյան Արաբիան, որոնք նույնպես հրավիրված են եղել ԲՐԻԿՍ-ին միանալու, հրաժարվել են անդամակցությունից