
Հանրային քննարկման է ներկայացվել կինեմատոգրաֆի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման նախագիծը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը:
«Կարգի ընդունումը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման անհրաժեշտությամբ։ Առաջարկվող նոր կարգավորումներով կապահովվեն ազգային ֆիլմերի ստեղծման համար աջակցության ավելի գործուն և հստակ մեխանիզմներ, որոնք կնպաստեն ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացմանը, մասնավորապես՝ օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը, ֆիլմարտադրության զարգացման և կինոնախագծերի ֆինանսավորման բարենպաստ պայմանների ստեղծմանը»,- նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ նախագծի հիմնավորման՝ ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում ներկայում գործող ֆիլմերի ստեղծման աջակցության մեխանիզմն ունի բարեփոխման կարիք, քանի որ դրանում բավարար չափով հստակեցված չեն պետական ֆինանսական աջակցության պայմաններն ու ձևաչափերը, ոլորտի առաջնահերթություններն ու կինոնախագծերի ընտրության չափորոշիչները։
Ակնկալվում է, որ առաջարկվող բարեփոխումը կնպաստի ստեղծագործողների համար ավելի արդյունավետ պայմանների ստեղծմանը: Ըստ առաջարկվող նոր կարգավորման՝ ազգային ֆիլմերի ստեղծման նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու համար պետք է կանոնակարգվեն աջակցության ձևերը և պայմանները, ինչպես նաև միջազգային շուկայի ուսումնասիրությամբ՝ ֆինանսական աջակցության չափաբաժինները:
Կարևոր են նաև ֆիլմերի անվանակարգերի (խաղարկային, վավերագրական, անիմացիոն) առանձնահատկություններով պայմանավորված հստակ սահմանումները, ինչը կնպաստի յուրաքանչյուր ուղղությամբ ֆիլմարտադրության զարգացմանը և ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մրցութային ձևաչափը միտում ունի նաև ձևավորելու հայկական արտադրության ֆիլմերի և փորձառու մասնագետների մրցակցային դաշտ, որը կնպաստի հայկական կինոարտադրանքի մրցունակության ապահովմանը միջազգային շուկայում:
Այսպիսով, ըստ նախագծի՝ Հայաստանի կինոյի հիմնադրամը յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ (մարտին և հոկտեմբերին) կանցկացնի Ազգային ֆիլմերի նախագծերի մրցույթներ, որոնցում հաղթած կինոնախագծերին ՀՀ պետական բյուջեի միջոցներից ԿԳՄՍ նախարարության կողմից կտրամադրվի աջակցություն։
Մրցույթներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող ռեզիդենտ, օրենքով սահմանված կարգով գրանցված այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում կինեմատոգրաֆիայի ոլորտում:
Մրցույթները նախատեսված են լիամետրաժ՝ 52 րոպե և ավելի տևողությամբ խաղարկային, վավերագրական ու անիմացիոն, ինչպես նաև կարճամետրաժ` մինչև 52 րոպե տևողությամբ խաղարկային, վավերագրական ու անիմացիոն նախագծերի համար։
Նախագծի մրցութային ընթակարգով նախատեսվում է գնահատող փորձագիտական հանձնաժողովի ձևավորվում՝ համաձայն «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի։
Ոլորտային կազմակերպությունները և շահագրգիռ անձինք «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչև 2025 թվականի մարտի 4-ը: