
Վրաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա: Այս մասին տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից։
Վրաստանի ԱԳՆ ղեկավարի այցն Անկարա կկայանա փետրվարի 26-ին։ Այցի շրջանակներում Բոճորիշվիլին կհանդիպի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։
«Թուրքիան Վրաստանի համար կարևոր գործընկեր է: Սրանով, փաստորեն, կավարտի հարևան երկրներ այցելությունների շարքը: Սա իմ առաջին այցն է Անկարա որպես արտգործնախարար: Իհարկե, ես սպասում եմ նախարար գործընկերոջ հետ հանդիպմանը», – հայտարարել է նա:
Ըստ Բոճորիշվիլիի՝ Թուրքիան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների ակտիվ մասնակիցն է, ուստի շատ կարևոր է հարևան երկրի հետ երկխոսություն վարել տարբեր հարցերի շուրջ, ներառյալ տարածաշրջանային ընթացիկ իրադարձությունների։
«Թուրքիայի հետ երկկողմ ռազմավարական գործընկերությունից բացի, մենք երկու երկրների միջև քննարկելու շատ կարևոր հարցեր ունենք, որոնք պետք է դրական դեր խաղան մեր տարածաշրջանի հետագա զարգացման գործում», – ընդգծել է Բոճորիշվիլին։
Վրաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերներ են: Երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թ. մայիսի 21-ին։
Պետությունները համագործակցում են առևտրի, տնտեսության, էներգետիկայի, տարածաշրջանային անվտանգության և կրթության ոլորտներում։
Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնում Վրաստանի խոշոր առևտրային գործընկերների շարքում։ Հարևան երկրի հետ արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 2,3 միլիարդ դոլար՝ 6,5 տոկոսով ավելի 2023 թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ։ Վրաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Թուրքիայի բաժինը կազմում է 13,9 տոկոս։Հունվարի 30-ին Բոճորիշվիլին այցելել էր Հայաստան։