
Հոնդուրասի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ջունգլիներում

Հոնդուրասի նախագահ Քսիոմարա Կաստրոյին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմտյան մասում գտնվող ջունգլիներում: Այս մասին հայտնում է Հոնդուրասի El Heraldo պարբերականը։
Ուղղաթիռն ուղևորվում էր Սան Պեդրո Սուլայից դեպի մայրաքաղաք Տեգուսիգալպա, երբ հարկադրված վայրէջք է կատարել Կորտեսի Սանտա Կրուս դե Յոջոա լեռնային շրջանում: Ուղղաթիռում գտնվող ուղևորներից ոչ ոք չի տուժել։ «Մենք Սան Պեդրոյից եկանք Տեգուսիգալպա, և այն փակ էր, մենք չկարողացանք ո՛չ առաջ գնալ, ո՛չ վերադառնալ, այնպես որ ստիպված էինք արտակարգ վայրէջք կատարել, բայց մենք լավ ենք», – ուղղաթիռից իջնելուց հետո լրատվամիջոցների հետ կարճատև զրույցում նշել է Հոնդուրասի նախագահը:
Ըստ Հոնդուրասի արտաքին գործերի նախարար Էդուարդո Էնրիկե Ռեյնա Գարսիայի՝ վայրէջքի պատճառը եղանակային վատ տեսանելիությունն է եղել։