
Ուկրաինան և Ռուսաստանը գիշերը շարունակել են հարվածներ հասցնել միմյանց. Կիևում կա զոհ

Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել միմյանց։ Ուկրաինական կողմում կան զոհ և վիրավորներ։ Իսկ ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ փետրվարի լույս 26-ի գիշերը ՌԴ տարածքի վրա իրականացված հարձակումը եղել է ամենախոշորը 2025 թ. սկզբից ի վեր։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում երկրի տարբեր տարածաշրջաններում խոցվել է ուկրաինական 128 անօդաչու թռչող սարք։ Դրանցից 83-ը խոցվել են Կրասնոդարի մարզի երկնքում։ Մնացած ԱԹՍ-ները խոցվել են Ղրիմում, Սև և Ազովի ծովերում, Բրյանսկի և Կուրսկի մարզերում։ Կրասնոդարի մարզում հարվածների հետևանքով վնասվել է 3 տուն, տուժածներ չկան։ Այլ շրջաններում ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան։
Իսկ Կիևի մարզում գիշերը ռուսական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, զոհվել ե 1 կին, որի մարմինը հայտնաբերվել է մասնավոր երկհարկանի տանը բռնկված հրդեհը մարելուց հետո։ Վիրավորվել է 19-ամյա աղջիկ և 44-ամյա տղամարդ։ Վնասվել են նաև մի քանի մասնավոր տներ, մեքենաներ, բազմաբնակարան շենքերում կոտրվել են ապակիներ։
Խարկովի քաղաքապետն էլ հայտնել է, որ գիշերը ռուսական ԱԹՍ-ների հարվածը հետ մղելու ժամանակ դրա բեկորներն ընկել են բազմաբնակարան շենքի վրա, վիրավորվել է 2 մարդ։