
Կայացել է Պուտին-Սի Ծինփին հեռախոսազրույց

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի նախաձեռնությամբ։
«Կողմերը մտքեր են փոխանակել Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման և ռազմավարական փոխգործակցության արդիական հարցերի շուրջ»,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարին տեղեկացրել է ռուս-ամերիկյան վերջին շփումների մասին։ Չինական կողմն աջակցություն է հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ընթացող երկխոսությանը, ինչպես նաև իր պատրաստակամությունը՝ աջակցելու ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելուն։
Պուտինն ու Սի Ծինփինը ընդգծել են, որ ռուս-չինական արտաքին քաղաքական կապը համաշխարհային գործերում ամենակարևոր կայունացնող գործոնն է և արտաքին ազդեցության ենթակա չէ։