Բաժիններ՝

Մոսկվան Մարսելում ՌԴ հյուպատոսությունում տեղի ունեցած պայթյունը համարում է ահաբեկչություն

Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տարածքում տեղի ունեցած պայթյուններն ունեն ահաբեկչական հարձակման բոլոր նշանները։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Պաշտոնյան հայտարարել է, որ Մոսկվան Ֆրանսիայից պահանջում է ձեռնարկել միջադեպը հետաքննելու համապարփակ և արագ միջոցներ, ինչպես նաև առաքելության անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլեր։ Իր հերթին Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին La Marseillaise հրատարակությանը հաստատել է, որ պայթյունը տեղի է ունեցել Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության տարածքում, ոչ թե դրա մերձակայքում, ինչպես ավելի վաղ հաղորդել էին որոշ ԶԼՄ-ներ։ 

Դեպքի վայր են ժամանել հրշեջներ և ոստիկաններ։ Փետրվարի 24-ի առավոտյան Մարսելի 8-րդ թաղամասում՝ Ամբրուազ Պարեի պողոտայում գտնվող Ռուսաստանի հյուպատոսության տարածքում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկություններ էին տարածվել, որ հյուպատոսարանի տարածքի ուղղությամբ երեք պայթուցիկ սարք է նետվել, որոնցից մեկը չի պայթել։ Նախնական տվյալներով՝ խոսքը միայն նյութական վնասների մասին է, զոհեր և վիրավորներ չկան։

«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցնում է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը նախորդ շաբաթ հայտնել էր, որ Կիևը կարող է փորձել խափանել ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու բանակցությունները՝ ահաբեկչություններ իրականացնելով Եվրոպայում Մոսկվայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս