
Երևանում ավտովթարներից հետո երթևեկելի մասը փակ պահելու համար կտրվի առավելագույնը 15 րոպե ժամանակ

Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում փողոցի երթևեկելի հատվածը փակ պահելու համար սահմանվելու է առավելագույնը 15 րոպե ժամանակ, և նշված ժամանակահատվածը գերազանցելու դեպքում պատասխանատվություն է նախատեսվում՝ որոշ բացառություններով։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը՝ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի մշակած նախագիծը։
«Նախագիծը գերատեսչությունների հետ քննարկելուց հետո վերադարձել է Երևանի քաղաքապետարան»,- մանրամասնեց Մարգարյանը՝ նշելով, նախագծի վերաբերյալ կարծիքներ չեն ներկայացրել միայն ՀՀ ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ը, սակայն նախագիծն ամբողջությամբ ամփոփվել է։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագծին՝ ընդգծելով դրա կարևորությունը։
«Երևան քաղաքում նոր էական կարգավորումներ են մտցվելու, որոնք պայմանավորված են տասնյակ տարիներ չլուծված խնդիրներով, և շատ կարևոր է արդեն այս նախագծով մի փոքր ինտենսիվ զբաղվելը։ Ես անձամբ կսկսեմ զբաղվել, Ազգային ժողովի մեր գործընկերների հետ էլ կխոսեմ, և այս նախագիծը մաքսիմալ արագ պետք է ընդունվի՝ անկախ նրանից, թե որևէ մեկը կարծիք տվել է, թե չի ուզում տալ»,- եզրափակեց Ավինյանը։