
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Գերմանիայի ՆԳՆ Դաշնային ոստիկանության տնօրինության ղեկավարին

Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության Դաշնային ոստիկանության տնօրինության ղեկավար Իզաբել Շմիթ-Ֆալկենբերգին։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Պատիվ է հյուրընկալել Գերմանիայի ներքին գործերի նախարարության Դաշնային ոստիկանության տնօրինության ղեկավար տիկին Իզաբել Շմիթ-Ֆալկենբերգին: Նրան զեկուցվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության առաջադրանքների, տեղում առկա իրավիճակի մասին։ Նա այցելել է Ջերմուկի գրասենյակ, միացել Պարույր Սևակ համայնքի պարեկությանը»,-նշված է գրառման մեջ։
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր գրառման մեջ նաև հիշեցրել է, որ առաքելության կազմում ամենամեծ մասնակցությունն ունի հենց Գերմանիան՝ բաղկացած 23 անդամից: