
Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ին մեղադրել է իրենց «անհայտ մարմին» հանձնելու մեջ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը փետրվարի 20-ին չի հանձնել Շերի Բիբասի մարմինը Իսրայելին վերադարձված պատանդների մարմինների հետ։ Ըստ իսրայելական կողմի՝ իրենց հանձնել են Գազայից մի կնոջ մարմին։ Այս մասին հայտնել է The Times of Israel պարբերականը։
Նեթանյահուն մեղադրել է ՀԱՄԱՍ-ին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ։«Մենք վճռականորեն կգործենք Շերիին տուն վերադարձնելու համար՝ մեր բոլոր պատանդների հետ՝ թե՛ կենդանի, թե՛ մահացած, և այնպես կանենք, որ ՀԱՄԱՍ-ը վճարի համաձայնագրի «այս դաժան և կոպիտ խախտման ողջ գինը», – ասել է Նեթանյահուն տեսաուղերձում:
Իսրայելական բանակը հայտարարել է, որ փետրվարի 20-ին Գազայից Իսրայել տեղափոխված մարմինների փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ դրանցից ոչ մեկը չի պատկանում Բիբասին։ Հայտարարության մեջ ՀԱՄԱՍ-ից պահանջվում է «վերադարձնել Շերի Բիբասի դիակը բոլոր պատանդների հետ միասին»։
Իսրայելական բանակի հայտարարության մեջ նաև նշվել է, որ ՀԱՄԱՍ-ը «շատ լուրջ խախտում է կատարել»՝ պնդելով, որ 4-ամյա Արիելն ու 10-ամսական Քֆիրը, որոնք գերության մեջ էին Գազայի հատվածում իրենց մոր՝ Բիբասի հետ միասին, և որոնց մարմինները փետրվարի 20-ին հանձնվել էին Իսրայելին, սպանվել են 2023 թվականի նոյեմբերին պաղեստինցիների կողմից, այլ ոչ թե իսրայելական հրետակոծության հետևանքով, ինչպես հայտարարել է ՀԱՄԱՍ-ը:
ՀԱՄԱՍ շարժումը դեռևս չի մեկնաբանել Իսրայելի մեղադրանքները։Չորս պատանդների մարմինների հանձնման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 20-ին Գազայի հատվածի հարավում գտնվող Բանի Սուհեյլա շրջանում։ Դիակները հանձնվել են Գազայում հրադադարի համաձայնագրի համաձայն, որը ձեռք է բերվել հունվարին Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ։